Կառավարությունը խստացնում է ապօրինի շինությունների դեմ պայքարը՝ դրա համար նախատեսելով իրավական նոր մեխանիզմներ: Օրենսդրական փոփոխությունների նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարարը՝ շեշտելով՝ նախաձեռնությամբ հստակ սահմանվելու է ժամկետը, որից հետո ինքնակամ շինություններն այլևս չեն օրինականացվելու:
Կարեն Անդրեասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Այս փաթեթով հստակ ապահովված է մեր քաղաքացիների համար իրենց իսկ նախկինում արված շինարարությունների պաշտպանությունը, եթե նրանք ձեռնարկեն համապատասխան միջոցներ, հակառակ դեպքում օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ գիծը քաշվելու է, և այլևս ոչ մի ապօրինի շինություն չի օրինականացվելու:
Ինքնակամ շինություն կառուցած քաղաքացիներին կտրվի ժամկետ՝ Կադաստրի կոմիտեում հաշվառվելու, փաստաթղթերը ներկայացնելու համար: Երևանում ժամկետը մինչև 2023-ի հունվարի 1-ն է, քաղաքներում՝ մինչև 2024-ը, գյուղերում՝ 2025 թվականը: Գործընթացը տարիներ ի վեր բավարար չի կարգավորվել, աղճատվել է քաղաքաշինական պատկերը, առաջացրել անվտանգության խնդիրներ՝ նշեց նախարարը:
Կարեն Անդրեասյան - Ավելի խիստ պատիժներ, սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի, չեն իրագործի տեսչական մարմինների պահանջները՝ կանգնեցնելու, կասեցնելու այդ ապօրինի շինարարությունները, չեն ապամոնտաժի և չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից:
Ապօրինի շինարարությունների դեպքում հիմա միայն դատարանի հատուկ որոշմամբ կարող է կասեցվել վարչարարությունը: Կադաստրի կոմիտեն ավարտել է Հայաստանի բնակավայրերի օդային լուսանկարահանումը: Լուսանկարներում տեսանելի են մինչև 2021-ը կառուցված ինքնակամ շինությունները: Հիմա տվյալներն են մշակվում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք չենք կարող ասել՝ էսօրվանից էլ ապօրինի շինարարությունները, էս պահին գոյություն ունեցող շինությունները քանդվում են, որովհետև դա, հասկանալի է՝ չի լինի, այլ պետք է որոշակի ժամանակային լագ թողնել, երբ որ այդ լագը թողնում ենք, էդ ընթացքում մի կողմից օրինականացվում է, մյուս կողմից՝ կառուցվում է, պրոցեսը շարունակվում է: Մենք խնդիր ունեինք իքս պահի ֆիքսել, որ սրանք են Հայաստանում կառույցները, և այլևս նոր կառույցի ի հայտ գալը արձանագրենք, որ գոյություն է ունեցել էս հնարավորությունը ստեղծվելուց հետո:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ) - Մինչև 2021-ի հունվարի 1-ը կառուցված բոլոր ինքնակամ շինությունները առկա են օդային նկարների վրա, իսկ 2021-ին կառուցված ինքնակամ շինությունները պետք է ներկայացվեն հատուկ հաշվառման, որով մենք ընդհանուր առմամբ փակելու ենք ՀՀ-ում ինքնակամ շինությունների առկայությունը, և դրա ինվենտարիզացիան, աշխատանքը կավարտվեն, մեկ-երկու ամսվա աշխատանք դեռ ունենք անելու:
Վարչապետը հետաքրքրվեց, թե մինչև որ ամիսը կառուցված ապօրինի շինությունները կարող են օրինականացվել: Նախարարի խոսքով՝ հնարավորությունը տրվելու է մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված շինությունների դեպքում:
Նիկոլ Փաշինյան - Կներեք, էս հայտարարությունը արեցինք, հիմա արդեն որոշ տեղերում, որոշ մարդիկ բահերը վերցրել են, դուք մոռացե՞լ եք ընտրությունների գիշերը ինչ էր տեղի ունեցել Երևանում, համաձայն չեմ այդ մոտեցման հետ: Այսինքն՝ մենք ամեն անգամ ուզում ենք փակենք, ճանապարհ ենք բացում, մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսը խանութ էին սարքել, հետո ինչքան ջանք պահանջվեց՝ ոստիկանության, քաղաքապետարանի կառույցների, տեսչական մարմինների աշխատանքի կոորդինացման, որ ուժային ձևով բան անենք: Տենց չի լինի, պետք է հետին թիվ ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք: Հիմա ձեր հայտարարությունից հետո մի քիչ լոբբինգ կանեն, օրենքի ընդունումը կձգձգվի, էլ չեմ ասում՝ կդիմեն Սահմանադրական դատարան, մի երեք ամիս էլ էնտեղ կգնա, Հայաստանի կեսը կլինի ապօրինի շինարարություն, էդ սխալ մոտեցում ա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մանրամասնեց աշխատանքային խմբի քննարկումը՝ ընդգծելով, որ նշված դիտարկումներին ևս անդրադարձել են: Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ այնպես չստացվի, որ ժամկետի սահմանումը ապօրինի նոր շինարարությունների խթան դառնա:
Սուրեն Թովմասյան - Էս երկու ամիսը, որը որ էս կարգավորումներով բաց է մնում, պետք է խնդրենք համայնքային իշխանություններին, տեսչական մարմիններին՝ ակտիվ աշխատանքներ տանել, այս երկու ամսում առավել ուժեղացված հսկողություն սահմանել, որ խուսափենք:
Գործադիրը որոշեց գործընթացն արագացնելու ու ժամկետներից օգտվելու հնարավորությունը կանխելու համար օրինագծերի փաթեթը ճանաչել անհետաձգելի և ներկայացնել խորհրդարան՝ արտահերթ քննարկման: Վարչապետն առաջարկեց ստեղծել օպերատիվ շտաբ, որը համայնքներից ամենօրյա ռեժիմով կստանա տեղեկություններ:
Նիկոլ Փաշինյան - Ոստիկանությանն ու տեղական ինքնակառավարման մարմիններին էլ քաջալերենք, որ թույլ չտան, որ, ասենք, Աջափնյակ 2 տեղի ունենա, եթե տեղի ունենա, տրակտորը դնել և կասեցնել էդ ապօրինի գործողությունը: Կարևոր է նաև, որ ՏԻՄ-երի գույքային հարկի բազան բարձրանալու է, կարևոր գործոն է տեղական բյուջեների մեծացման գործ է, քաղաքացիները, որ դիմում են, առքուվաճառքի հնարավորությունը կստեղծվի:
Գյումրիում կիրականացվեն ճանապարհների հիմնանորոգման և փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշեց, որ ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 23840000 եվրո է, 14600000 եվրո վարկային միջոցները տրամադրում է ՎԶԵԲ-ը: Գործադիրը 2021-ի բյուջեում ևս մեկ վերաբաշխում կատարեց՝ 2 մլրդ 826 մլն դրամով ավելացնելով ճանապարհների կառուցման և հիմնանորոգման չորս ծրագրի համար: