Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ապագա գյուղի 31-ամյա մի բնակիչ անասուններ է գողանում։ Սակայն նրան պատասխանատվության ենթարկելու համար իրեղեն ապացույցներ էին հարկավոր, փաստեր, որոնք հետո ի հայտ եկան:
Ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 5-ի գիշերը կասկածվողն Այգեկ գյուղում իր «Նիվա» մակնիշի մեքենայով պատրաստվում է գողություն անել: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները ժամը 3-ի սահմաններում նշված գյուղում հայտնաբերել են 31-ամյա տղամարդու «Նիվան», մեքենայում՝ 6 գառ։
Պարզվել է՝ Այգեկ գյուղի բնակիչներից մեկի գոմից էր գառները հափշտակել։ Իրավապահները գողացված անասունները վերադարձրել են տիրոջը, իսկ 31-ամյա տղամարդուն ներկայացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննության բաժանմունք։
Նա տվել է խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: