Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել էին մեքենաների համարանիշների գողության դեպքեր։ Ոստիկանության տեղեկատվական բաժնից հիշեցնում են, որ համարանիշներ գողանալու և դրանք վերադարձնելու դիմաց վարորդներից փող պահանջելու կասկածանքով Վաղարշապատի բաժին բերման էր ենթարկվել Էջմիածնի Պուշկինի փողոցում բնակվող 25-ամյա մի երիտասարդ։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էին մեքենաներից գողացված համարանիշներ։
Պարզվել էր, որ բերման ենթարկվածը պարբերաբար մեքենաներից համարանիշներ էր գողացել ու Տելեգրամի միջոցով կապ հաստատելով տերերի հետ՝ դրանք վերադարձնելու դիմաց պահանջել էր փող: Երիտասարդը ներկայացվել էր տարածքային նախաքննական մարմնին, որտեղ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վաղարշապատի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ 25-ամյա էջմիածնեցին մենակ չի գործել, այլ՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 18-ամյա մի երիտասարդի հետ։ Նա մայրաքաղաքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին ու տվել խոստովանական ցուցմունք։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ նրանք միայն Էջմիածնում շուրջ 20 մեքենաների համարանիշներ են գողացել։ Պարզվել է նաև, որ համարանիշներ են գողացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
ՀՀ Կառավարության 2021 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ թույլատրվում է կորցրած կամ հափշտակված համարանիշների փոխարեն տրամադրել դրանց կրկնօրինակը, որոնք քաղաքացիները կարող են ստանալ ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումներում, այսինքն՝ մեքենայատերերը նշված հանցավոր ոտնձգություններից այսուհետ պաշտպանված են: