Դեկտեմբերի 8-ին կատարվել է 489 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 83 վարակակիր: Բժիշկները 16 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 26626 քաղաքացու հետազոտություն, որից 4381-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Արձանագրվել է 1 մահվան դեպք՝ 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որի մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- ասված է Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: