Գերժամանակակից սարքավորումները Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը պետության ֆինանսավորմամբ անցած տարի է ձեռք բերել: Ունեն նաև լազերային սկանավորող կոնֆոկալ մանրադիտակ ու հիպերսպեկտրալ անալիզատոր: Սրանք գիտական միջավայրում եզակի նմուշներ են: Եզակի է նաև վերջերս ինստիտուտի շահած դրամաշնորհը: 300 հազար դոլար են ստացել Չան Ցուկերբերգ հիմնադրամից:
Նաիրա Այվազյան (ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն) - Հայաստանի համար առաջինն է, եզակի է այն առումով, որ մեր երկիրը Սիլիկոնյան հովտի դրամաշնորհային կազմակերպությունների ցանցում ևս մեկ կետ է ավելացնում:
Սիլիկոնյան հովտում հայտնի հիմնադրամը ստեղծել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ու իր կինը՝ Պրիսցիլա Չանը՝ նպատակ ունենալով մինչև դարավերջ գտնել բոլոր հիվանդությունների կանխարգելման, բուժման մեթոդներ: Այդ մեծ առաքելության մի մասն այսուհետ նաև հայ գիտաշխատողները կդառնան: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ունեն ու արդեն իսկ գործի են անցել:
Նաիրա Այվազյան - Գրանտային ծրագրի անվանումն այն է, որ ստեղծվի ցանց, հետսովետական երկրներում թույլ կտա փորձն ու հնարավորությունները փոխանցել և համատեղ հետազոտություններ անել:
Հետազոտական ցանցը կստեղծվի առաջիկա երեք տարում, կներառվեն 6 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Ռուսաստանի մասնագետները: Հնարավոր է նաև Լատինական Ամերիկայի գիտնականների ու բժիշկների հետ գործակցեն: Բազմաթիվ ճշգրիտ հետազոտություններ կանեն, այդ թվում նաև՝ կենսաբժշկական պատկերավորման միջոցով:
Նաիրա Այվազյան - Մի շարք մեր գիտնականներ ունեցել են հնարավորություն այդ կարգի հետազոտություն անել արտասահմանյան առաջադեմ լաբորատորիաներում, կարևորն այն է, որ հիմա հնարավորությունը կա մեր երկրում:
Ծրագրի համահեղինակն ու գլխավոր հետազոտողը Ջորջ Վաշինգտոն համալսարանի պրոֆեսոր, կենսաֆիզիկոս Նարինե Սարվազյանն է: 20 տարի զբաղվում է սրտի հիվանդությունների հետազոտությամբ: Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատողների հետ նաև հետազոտում են մաշկի հյուսվածքի ստացումը: Ժամանակակից տեխնոլոգիաներով աշխատանքն ու իր փորձը կներկայացնի հայ մասնագետներին:
Նարինե Սարվազյան (Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր) - Հայաստանում այդ տեխնոլոգիայի մասին չգիտեն, իմաստը որի բոլորին փորձենք բացահայտենք:
Առաջիկայում կլինեն գիտաժողովներ, սեմինարներ, ամառային դպրոցներ, գործուղումներ, որոնց կմասնակցեն ոչ միայն գիտաշխատողներ, այլև բժիշկներ: Սա հնարավորություն կտա բժշկական համայնքին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալ ու դրանք կենսաբժշկության մեջ կիրառել:
Նարինե Սարվազյան - Բժշկական տեխնոլոգիաները շատ զարգացած են արտերկրում, փորձելու ենք դրանք մասսայական դարձնել նաև այստեղ, քանի որ հայ մասնագետներից շատերը դրանցով աշխատել չգիտեն: Chan Zuckerberg հիմնադրամի ընձեռած հնարավորությունը օգտագործելով՝ հարթակ ենք ստեղծելու, որտեղ երիտասարդ գիտնականներին ու բժիշկներին կպատմենք այդ տեխնոլոգիաների մասին, հնարավորություն կտանք դրանք նաև այստեղ կիրառել:
Դրամաշնորհի շնորհիվ Հայաստանը հետազոտական կենտրոն է դառնում առնվազն 6 երկրի համար: Կձևավորվի տարածաշրջանային կենսաբժշկական վիզուալիզացիայի միություն՝ հատուկ կայքով և եռամսյակային էլեկտրոնային տեղեկագրով: Հայ մասնագետների համար սա ոչ միայն մասնագիտական որակները բարձրացնելու, այլև բժշկությունը մեկ քայլ առաջ տանելու հնարավորություն է: