ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է:
Նախարարի խոսքով՝ ինքնակամ շինարարությունների գործընթացը տարիներ շարունակ բավարար չափով չի կարգավորվել, ինչի հետևանքով աղճատվել է բազմաթիվ քաղաքներում քաղաքաշինական պատկերը, և անվտանգության հետ կապված խնդիրներ են ծագել:
«Այս նախաձեռնությամբ մի գիծ է քաշվելու, որից հետո ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվելու: Բայց քանի որ կառավարությունը նպատակ չունի այնպես անել, որ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք մեծ վնասներ կրեն, և քանդվի ամբողջը, կա հստակ մեխանիզմ, թե ինչպես են օրինականացվելու մինչև օրենքի ընդունման պահը կառուցված ինքնակամ շինությունները»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ հատկապես արագ գործողություններ պետք է ձեռնարկեն այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած՝ մինչ օրենքի ուժի մեջ մտնելը:
«Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի իրենք հաշվառվեն, ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը, որն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունն ավելի հստակ կսահմանի: Դրանից հետո Երևանի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ շինությունների համար տրված է ժամկետ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, որպեսզի հաշվառվեն: Այն համայնքներում, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչև 2024 թվականն է տրված, և այն տեղերում, որտեղ միայն գյուղական բնակավայրեր են, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Այսուհետ ավելի խիստ սանկցիաներ են լինելու այն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր չեն իրականացնի տեսչական մարմինների պահանջները՝ կասեցնելու ապօրինի շինարարությունները, չեն ազատի համայնքային և պետական հողերը այդպիսի զավթումներից»,- ասաց Անդրեասյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը բազմաթիվ ինքնակամ շինություններ կկառուցվեն:
Վարչապետի առաջարկով՝ օրենքի նախագիծն անհետաձգելի ճանաչվեց:
«Խնդրենք ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, արագացված ընթացակարգով ընդունել օրենքը»,- ասաց Փաշինյանը: