Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս սադրիչ հռետորաբանությամբ, այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և խաթարում կայունությունը Միջերկրածովյան տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ավարտին:
«Մենք քննարկել ենք տարածաշրջանային իրադարձությունները, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում: Ես շատ անկեղծ էի իմ զրուցակցի հետ: Նրան ասել եմ, որ Թուրքիան, ցավոք, ոչ միայն հանդես է գալիս սադրիչ հռետորաբանությամբ՝ խեղաթյուրելով պատմությունն ու աշխարհագրությունը, այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքը և հաճախ ական են դնում տարածաշրջանային կայունության տակ»:
Նրա խոսքով՝ Հունաստանը միշտ բաց է երկխոսության համար՝ միջազգային իրավունքի և ծովային իրավունքի շրջանակներում:
Անդրադառնալով Կիպրոսի խնդրին՝ Միցոտակիսը հավատարմություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շրջանակներում հարցի կենսունակ լուծման նպատակներին:
«Կղզում երկու պետությունների ստեղծման մասին ցանկացած բանավեճ պետք է սկզբունքորեն մերժվի։ Իսկ ինչ վերաբերում է Վարոշի հարցին, եթե Թուրքիան շարունակի իրականացնել փակ քաղաքը բնակեցնելու մասին իր հայտարարությունները, ապա, դրանով նա կփակի այդ հարցի շուրջ ցանկացած առաջընթացի հեռանկար»,- ասել է Հունաստանի վարչապետը: