Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ներկայացուցիչներին։ Ծրագրերի ավագ ղեկավար Էլսփետ Սութերսը ներկայացրել է ժողովրդավարության կայացման գործում պետություններին աջակցելուն ուղղված հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները։
Վերջինս անդրադարձել է Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերին, որոնք ներառում են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումները:
Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նախարարն ընդգծել է՝ որ գործընթացն իրականացվելու է հասարակական կազմակերպությունների հետ սերտ և կառուցողական համագործակցությամբ: Գործընթացը մեկնարկել է բազմաշահառու հանրային քննարկումների անցկացմամբ, որին հաջորդել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման օրենսդրական փաթեթի մշակման աշխատանքները, որոնց ակտիվորեն մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Վերջիններիս կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել։
Հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում դատաիրավական բարեփոխումների գործընթացով, որին ի պատասխան նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղություններն ու իրականացման ընթացքը՝ առանձնացնելով դատավորների բարեվարքության գնահատմանն ուղղված բարեփոխումները։
Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավոր հեռանկարները։