Ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները, որոնք գերի էին ընկել Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների աջակցությամբ վերադարձվել են՝ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։ Նա շեշտել է, որ ներկայում շարունակվում են գերեվարված հայ զինվորների վերադարձի ուղղությամբ աշխատանքները: «Կա դրական ընկալում,- ընդգծել է Մուրադովը,- ես կարծում եմ, որ այս հարցը պետք է ամբողջությամբ կարգավորվի։ Ռուս խաղաղապահները վերջ կդնեն այս խնդրին»,- հաստատել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։
Ռուստամ Մուրադովը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհերի 1960 աճյուն է վերադարձվել հայկական և ադրբեջանական կողմերին. որոնողական աշխատանքները շարունակվում են:
«3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ
Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Նիստը նվիրված է լինելու «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման» հարցերին: Հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
ԿԱՅԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Իրանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Սեյեդ Էբրահիմ Ռայիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է տնտեսական և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում լուրջ համագործակցության անհրաժեշտությունը։ Նախագահները շեշտել են, որ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական ճանապարհը երկրների ինքնիշխանությունը հարգելն է: Ընդգծելով տնտեսական և առևտրային ոլորտներում Թեհրան-Անկարա հարաբերությունների կարևորությունը՝ Ռայիսին հավելել է, որ առաջիկայում Թեհրանում կայանալիք համատեղ գագաթնաժողովի անցկացմամբ համագործակցությունը մուտք կգործի զարգացման նոր փուլ։
Անդրադառնալով տարածաշրջանում իր վերջին հանդիպումներին ու խորհրդակցություններին՝ Ռայիսին հավելել է. «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ ու ակտիվ մասնակցությամբ՝ առանց արտաքին միջամտության»: Էրդողանը նշել է, որ Թեհրան նախատեսվող իր այցի ժամանակ երկու երկրների հարաբերությունները կթևակոխեն զարգացման նոր փուլ:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ՝ ԱՅՍՕՐ
Այսօր տեղի կունենա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման շուրջ Իրանի և միջնորդների հնգյակի համատեղ հանձնաժողովի հերթական նիստը: Բանակցությունների յոթերորդ փուլը մեկնարկել էր նոյեմբերի 29-ին և ավարտվել դեկտեմբերի 3-ին: Մասնակիցները վերադարձել էին իրենց երկրներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար:
Թեհրանից հայտարարել են, որ բանակցությունների ընթացքում կողմերին ներկայացվել է միջուկային գործարքի վերսկսման մասին համաձայնագրի նախագիծ՝ երկու փաստաթղթի տեսքով: Դրանք ուղղված են ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի: ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցում Վիեննայում ընթացող բանակցություններին, սակայն առանձին խորհրդակցություններ է անցկացնում միջուկային համաձայնագրի մասնակիցների հետ:
ՌԴ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովին և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ դաշինքի հնարավոր գործողություններին՝ հայտնել է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 7-ին կայացած զրույցի արդյունքները: Բլինքենը շեշտել է նաև Ստոլտենբերգի ջանքերը՝ ուղղված դաշինքի զգոնության բարձրացմանն ու միասնության ամրապնդմանը։
ԱՎՍՏՐԱԼԻԱՆ ՄԻԱՑԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲՈՅԿՈՏԻՆ
Ավստրալիան միացել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ պատճառը Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներն են։ Ավստրալիայի օլիմպիական կոմիտեն հայտարարել է, սակայն, որ մարզիկները կմեկնեն խաղերին, իսկ դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների կառավարությունների մտահոգությունն են։ Ավելի վաղ ԱՄՆ-ն էր հայտարարել դիվանագիտական բոյկոտի մասին: