Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն (Խորվաթիա) ողջունում են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դեկտեմբերի 7-ի՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» և «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի շրջանակներում հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումները: Այդ մասին ասված է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ:
Եվրապատգամավորները Ադրբեջանին ևս մեկ անգամ կոչ են արել ազատ արձակել պահվող բոլոր հայ գերիներին:
«Սրանք պարտադիր իրավական ուժ ունեցող կարևոր որոշումներ են, որոնք պետք է ամբողջությամբ կյանքի կոչվեն: Ավելին, մենք շարունակում ենք պնդել, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր գերիներին, ինչպես նաև փոխանակվեն ականապատ դաշտերի վերաբերյալ բոլոր հասանելի տեղեկությունները՝ արդյունավետ ականազերծման համար: Այս առումով մենք ողջունում ենք վերջերս 10 հայ գերիների ազատումը և ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը»,- ասված է հայտարարությունում:
Եվրապատգամավորների խոսքով՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանն անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկեն տարածաշրջանում լարվածության թուլացման և սադրիչ հռետորաբանության դադարեցման ուղղությամբ՝ փոխվստահություն ձևավորելու, հաշտեցմանը նպաստելու և հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու նպատակով: Նշվում է, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կառուցողական հանդիպում են ակնկալում:
Նրանք վերահաստատել են Եվրամիության հանձնառությունը՝ աջակցելու կողմերի միջև փոխվստահության ձևավորման միջոցառումներին և առարկայական բանակցություններին, մասնավորապես՝ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տևական կարգավորելուն և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը հստակեցնելուն: