Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայինի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները, և բազում չլուծված հարցեր կան:
Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարևորելով Ֆեդերացիայի մանդատը:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների և պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:
Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման և լուծումների շուրջ: