Դեկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։
Դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։