Հարավային Կովկասի տարածաշրջանում կոմունիկացիաների հնարավոր վերաբացումը փոխկապակցված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ: Ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացրել՝ փոխվարչապետների մակարդակով եռակողմ ձևաչափի շրջանակում ստեղծվել է փորձագիտական խումբ, որն զբաղվում է փոխադրումների հարցերի լուծմամբ:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք հետևում ենք երեք երկրների ղեկավարների Սոչիում ստորագրված հայտարարությանը, համաձայն որի կողմերը պարտավորվել են քայլեր ձեռնարկել՝ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ և գործը տանելու Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ սահմանազատման՝ հետագա սահմանագծմամբ, երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Խնդիրը որևէ կերպ փոխկապակցված չէ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր բացման հետ»:
Նոյեմբերի 26-ին՝ Սոչիում ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո կողմերը ստորագրել են հայտարարություն՝ որում, մասնավորապես, ասված է՝ «Պայմանավորվեցինք գործընթացը մղել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի և այդուհետև դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»:
Երկրների ղեկավարների հանդիպմանը հաջորդեց փոխվարչապետների մակարդակով քննարկումը, որի ժամանակ կողմերը պետք է ամփոփեին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները տարածաշրջանային կոմունիկացիաների վերագործարկման վերաբերյալ: Նիստից հետո տեղեկություն հրապարակվեց, որ այն կշարունակվի ավելի ուշ: Թե կոնկրետ երբ՝ դեռ հայտնի չէ:
Միաժամանակ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի հաջողվել համաձայնության գալ Սոչիում կայացած պայմանավորվածություններից հետո, հայտարարել է՝ «Հայաստանը այս առումով կոնստրուկտիվ է և պատրաստ է քննարկումներն առաջ տանել։ Ադրբեջանը չի կարողանում դրսևորել քաղաքական այնպիսի կամք, որը հնարավորություն կտա Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները առաջ տանել»:
Փոխվարչապետների հանդիպումից մեկ շաբաթ հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություն արեց՝ պահանջելով Հայաստանից հայտարարել, թե երբ է բացվելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ասելով, որ հակառակ պարագայում Հայաստանը խնդիրներ կունենա:
Անդրադառնալով Ալիևի խոսքերին, փոխվարչապետ Գրիգորյանը հայտնել է, որ դրանք անակնկալ էին Հայաստանի իշխանության համար:
Մհեր Գրիգորյան - Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունները անսպասելի էին մեզ համար: Ենթադրվում էր, որ մոտ օրերս մենք պետք է շարունակեինք եռակողմ խմբի աշխատանքները: Հույս ունեմ, որ իրավիճակը կվերադառնա կոնստրուկտիվ դաշտ, և մենք կշարունակենք աշխատանքներն այն սկզբունքների շրջանակում, որոնք արդեն համաձայնեցված են:
Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ եռակողմ աշխատանքային խումբը որոշակի պատկերացումներ է ձևավորել երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնման և գործարկման վերաբերյալ: Ինչպես նաև եղել է գիտակցում, որ ճանապարհները գտնվելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են: Մնացյալ հարցերը դեռ հստակեցման կարիք ունեն: Չնայած Սոչիում արձանագրված դրական մթնոլորտին՝ ակնհայտ է, որ փոխվարչապետների մակարդակով քննարկումները դեռ անարդյունք են՝ նկատում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Գարիկ Քեռյան (քաղաքագետ) - Փոխվարչապետների անհաջող հանդիպումը ցույց տվեց, որ ամեն ինչ չէ, որ պարզ է: Էստեղ հասկանալի է Ադրբեջանի դեմարշը, որը փորձում է ամեն ինչ տանել իր շահերի հաշվառումով: Դժվար չէ կռահել, որ անհամաձայնությունը եղել է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ և Նախիջևան-Ադրբեջան կապուղիների հետ:
Բաքվի շրջանառած՝ «միջանցքի» մասին հայտարարությունները բազմիցս հերքվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի իշխանությունների կողմից: