«Հետպատերզմյան ժամանակահատվածում ադրբեջանական զորքերը բռնազավթեցին Հին Թաղերը և Խծաբերդը, որոնք հետպատերազմյան իրավիճակում գտնվում էին հայկական վերահսկողության ներքո: Այդ գյուղերը ոչ միայն բռնազավթվեցին, այլև մեկ տասնյակ զոհեր գրանցվեցին, 62 անձ գերեվարվեց, նրանց մի մասը դեռևս չի հայրենադարձվել: Գործընթացը որևէ կերպ չէր տեղավորվում նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում: Արդյոք այդ երկու գյուղերը համարվո՞ւմ են հայկական, արդյոք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղավորվո՞ւմ էր դրանց հայկական լինելը, ինչո՞ւ այդ գյուղերի վերադարձի հարցն առ այսօր օրակարգի հարց չի դառնում»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս հարցն ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ուզում եմ իմ հարգանքի և խոնարհումի խոսքերն ասել այն զինվորներին, ովքեր Հին Թաղերում զոհվեցին՝ Ձեր նշած հանգամանքներում: 9 հերոս մինչև վերջ կանգնել են և իրենց կյանքը տվել հանուն հայրենիքի:
Ինչ վերաբերում է Ձեր նշած դրվագին, դրա հետ կապված քրեական գործ կա հարուցված: Փաստն այն է, որ գործով անցնող առանցքային մեղադրյալներից մեկին այդպես էլ չի հաջողվել կալանավորել, որովհետև դատարանները մերժել են կալանավորելու միջնորդությունը:
Ես հասկանում եմ, որ մեր ընդդիմությունը, ունենալով որոշակի պատկերացումներ և շահագրգռություններ, նախադասություններ է ձևակերպում, որպեսզի այդ նախադասություններին ի պատասխան ձևակերպվեն այլ նախադասություններ, որոնք կդառնան ներքաղաքական շահարկման նյութ: Այդ թեմաները պարունակում են պետական շահերին առնչվող բազմաթիվ տեղեկություններ, նաև գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ, որոնք պետք է լրացուցիչ քննության և հետաքննության առարկա դառնան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: