Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ «Մենք հետևում ենք Ուկրաինայում և հարևան երկրներում զարգացումներին: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայունություն պահպանվի: Երկու կողմերի համաձայնությամբ մենք կարող ենք ցանկացած ձևաչափով օգնություն, միջնորդություն կամ աջակցություն ցուցաբերել»,- ասել է Էրդողանը: Նմանատիպ առաջարկով Թուրքիայի նախագահը հանդես էր եկել նաև նոյեմբերի 29-ին, սակայն Մոսկվան հայտարարել էր, որ չի հանդիսանում ուկրաինական հակամարտության կողմ։
*****
Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են հասել Պարսից ծոցը Սև ծովին կապող երկաթուղու գործարկման հարցում: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհային բեռնափոխադրումների և սպասարկման կազմակերպության միջազգային բեռնափոխադրումների գրասենյակի տնօրեն Ջավադ Հեդայաթին: Երթուղին նախատեսվում է փորձարկել մինչև 2022թ. մարտը, ինչից հետո արդյունքները կամփոփվեն և առաջացած խնդիրները կարգավորելու, բեռնափոխադրումների ծախսերն ու ժամանակը կրճատելու համար համապատասխան մեխանիզմներ կմշակվեն: Բեռներն Աստարայից փոխադրվելու են Ադրբեջան, որտեղից էլ վրացական նավահանգիստներ, այնուհետև՝ Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ: Հեդայաթիի խոսքով՝ Վրաստանն ու Ադրբեջանը շատ լուրջ են տրամադրված նախագծի իրագործման հարցում:
*****
Թուրքիան հաշվի չի առնում անազատության մեջ գտնվող իրավապաշտպան Օսման Քավալայի և ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշի վերաբերյալ Եվրամիության որոշումները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած այցից հետո։ «Մենք համարում ենք, որ այդ որոշումները չկան»,- ասել է Էրդողանը։ Ավելի վաղ հրապարակվել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցչի հայտարարությունը, որում Անկարային կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Քավալային և Դեմիրթաշին:
*****
Ադրբեջանը ծրագրում է 2022 թվականին Հայաստանի դեմ 2 նոր հայց ներկայացնել՝ միջազգային կոնվենցիաների խախտման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ առաջին հայցը վերաբերում է Արցախում շրջակա միջավայրին հասցված վնասին, մյուսը՝ էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը: Մամեդովը նշել է, որ Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում իրականացվում են փաստահավաք աշխատանքներ: Նա, սակայն, չի հայտնել, թե որ միջազգային ատյաններ է պատրաստվում դիմել Բաքուն։
*****
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օլաֆ Շոլցն ընտրվել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր։ Շոլցի օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր։ Նա Գերմանիայի 9-րդ կանցլերն է։
Վերջին 16 տարվա ընթացքում երկիրը ղեկավարել է Անգելա Մերկելը։ Նոր կանցլերի ընտրությունից առաջ Բունդեսթագում նրա պատվին բուռն ծափահարություններ են հնչել։ Նախօրեին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բեռլինում կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել Կանաչների կուսակցության և նեոլիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության հետ։