Հայաստանը հետաքրքրված է և ապահովելու է կոմունիկացիաների բացումը՝ Ազգային ժողովում վերահաստատեց վարչապետն ու ընդգծեց. այդ ամենը հստակ արձանագրված է նաև երեկվա ԱԳՆ հայտարարության մեջ: Արտաքին դիվանագիտական կառույցը, երեկ արձագանքելով Ալիևի պահանջին, հրապարակեց «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը, հղում էր արել մինչ այդ ստորագրված եռակողմ երեք փաստաթղթերին ու շեշտել՝ դրանցում Հայաստանն Ադրբեջանին «միջանցք, միջանցքային տրամաբանության ուղի տրամադրելու որևէ պարտավորություն, պայման, պայմանավորվածություն չունի»: Ապաշրջափակման հարցն այսօր վարչապետը երկու հատվածի բաժանեց՝ լոգիստիկ ու իրավական, նկատեց՝ իրավականին հրապարակային պատասխան արդեն տրվել է:
Անդրադառնալով երթուղիներին՝ վարչապետը նշեց՝ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է վերականգնվի, դրա հայաստանյան հատվածը, իհարկե, հայաստանյան ներդրումների հաշվին: Իսկ ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված քննարկվում է մի քանի տարբերակ, ու Փաշինյանը հույս ունի, որ արագ լուծումներ կգտնվեն: Արձագանքին Ղազինյանն արտաքին ճնշումներից խոսեց, հարցրեց՝ պատրաստ է հրաժարական տալ, բայց նոր պատերազմի չգնալ:
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ մեջբերեց «Պատիվ ունեմից» Աննա Մկրտչյանը, ըստ դրա՝ ապաշրջափակման համատեքստում Հայաստանն անվտանգ կապ է երաշխավորելու Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև, իսկ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնելու են ռուսական ծառայությունները:
Օրվա քննարկվող թեմաներից էր գերիների հարցը: «Հայաստան» խմբակցության քարտուղարը կառավարության ղեկավարին դիմեց, ասաց՝ երեկ այդ թեմայով նախաձեռնել էին քննարկում, պաշտոնապես հրավիրել էին, բայց վարչապետը չեկավ: Ի վերջո ի՞նչ է արվում, բոլորին է հետաքրքրիր՝ հարցրեց Արծվիկ Մինասյանը: Վարչապետն արձագանքեց՝ ամենօրյա աշխատանք է տարվում, վերջին օրինակն էլ ՀԱԱԳ-ի դատարանի որոշումն էր: Ինչ վերաբերում է քննարկում կազմակերպելուն, ապա Փաշինյանը նկատեց՝ հանդիպելու առաջարկն ուժի մեջ է:
Ընդդիմությունից Էլինար Վարդանյանն էլ վարչապետին հիշեցրեց գերիների թեմայով նրա արած հայտարարությունները. նախ, թե ինչպես էր պատրաստ որդուն փոխանակել բոլորի դիմաց, իսկ ավելի ուշ ասում էր՝ դեռ պետք է քննել՝ գերի ընկնելը հանցագործությո՞ւն է, թե ոչ: Ծնողները հիմա սպասում են՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունեք ի վերջո՝ հարցրեց պատգամավորը:
Գերիների ծնողների հետ հանդիպել եմ տասնյակ անգամ՝ ասաց վարչապետը ու նորից նշեց՝ գերեվարման ամեն դեպք պետք է հետաքննվի:
Արմեն Ռուստամյանն էլ վարչապետին մեղադրեց բանակցային գործընթացում բանավոր պայմանավորածություններ ձեռք բերելու և գաղտնի պահելու մեջ: Ընդդիմադիր պատգամավորը որպես օրինակ բերեց ճանապարհը թշնամուն հանձնելն ու զորքերը հետ քաշելու հրամանը;
Մեկ տարի առաջ՝ Հադրութի շրջանի Խծաբերդում ու Հին Թաղերում Ադրբեջանի ապօրինի գործողությունները չեն համապատասխանել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին՝ խորհրդարանում հայտարարեց վարչապետը՝ արձագանքելով «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանի հարցին: Ընդդիմադիր պատգամավորը, հիշեցնելով այդ երկու գյուղերի բռնազավթման, մեկ տասնյակ զոհերի ու գերեվարված 62 քաղաքացների մասին, Փաշինյանից հետաքրքրվել էր՝ արդյոք դրանց հայկական լինելը տեղավորվում էր նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում: Երկրի ղեկավարը, փակագծերը շատ չբացելով, նշեց՝ կա հարուցված քերական գործ ու առանցքային մեղադրյալներից մեկին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև «3+3» ձևաչափին, որին մասնակցելուց, սակայն, Վրաստանը հրաժարվել է: Վարչապետը տեղեկացրեց՝ առաջիկա օրերին գումարվելու է փոխարտգործնախարարիների նախանիստ, որին մասնակցելու է նաև Հայաստանը: Վարչապետը նորից հստակեցրեց՝ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնք արդեն քննարկման թեմա են այլ ձևաչափերում: