ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին,անդրադարձավ բուժաշխատողների աշխատավարձերի թեմային:
«Բուժաշխատողների վարձատրության հետ կապված բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից մեկն է: Մեզ համար մշտապես մեր բուժաշխատողների աշխատանքային պայմանները և վարձատրության չափերը վերանայման շրջանակներում են: Բայց մենք պետք է դիտարկենք ոչ թե առանձին դեպքերին արձագանքելու տրամաբանության, այլ համակարգային փոփոխությունների մեջ:
Կառավարության ծրագրով հաստատված է, որ մեր բուժաշխատողների աշխատավարձերն առաջիկա տարիներին համընթաց պետք է բարձրանան, բայց դա միանշանակ պետք է կապված լինի նրանց որակավորման և մասնագիտական գիտելիքների թարացման, նրանց կողմից մատուցված ծառայությունների որակի հստակ չափանիշների բարելավման արդյունքում»,- ասաց Ավանեսյանը:
Հարցին, թե երբ կարելի է ակնկալել, օրինակ, շտապօգնության վարորդների աշխատավարձերի բարձրացում, որովհետև հատկապես նրանք էին դժգոհություններ հայտնում վերջին շրջանում, Ավանեսյանը պատասխանեց.
«Կորոնավիրուսային վարակի հետ կապված՝ մեր բուժաշխատողների աշխատավարձի, աշխատանքային պայմանների առումով Կառավարությունն արել է հնարավորը և մի բան էլ ավելի՝ ապահովելու մեր քաղաքացիների պատշաճ բժշկական օգնությունը: Դրան էր ուղղված նաև լրացուցիչ շտապօգնության բրիգադների ներգրավումը և մեր քաղաքային շտապօգնության հնարավորինս բեռնաթափումը»,- ասաց Ավանեսյանը: