Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն այն կարծիքն է հայտնել, որ Բելառուսի նկատմամբ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում, որոնք ազդում են նաև Ռուսաստանի վրա: Ըստ նրա՝ այդպիսով Արևմուքտը պատժում է Մինսկին Մոսկվայի հետ բարեկամության համար՝ հաղորդում է РИА Новости-ն:
«Տեսանելի են բարեկամ հանրապետության վրա արևմուտքի ճնշման աշխարհաքաղաքական գործոնները»,- ասել է դիվանագետը։
Փոխարտգործնախարարը նշել է, որ հոկտեմբերին Եվրախորհրդարանը դեմ է արտահայտվել ռուս-բելառուսական ինտեգրմանը։
Ավելի վաղ Պանկինը բացահայտել էր Մինսկի դեմ Արևմուտքի պատժամիջոցների բուն նպատակը։ Նրա խոսքով՝ սահմանափակումներն ուղղված են երկրում հակակառավարական բողոքի նոր ալիք հրահրելուն և Բելառուսի հասարակ բնակիչների կենսամակարդակը կանխամտածված քանդելուն։ Դիվանագետը հիշեցրել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել բելառուսական արդյունաբերության այն ոլորտների նկատմամբ, որոնցից կախված է հարյուր հազարավոր քաղաքացիների բարեկեցությունը։
Դեկտեմբերի սկզբին Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեցին Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան։ Սահմանափակումների ցանկում են հայտնվել 183 քաղաքացի և 26 կազմակերպություն: Վաշինգտոնն ու Լոնդոնը իրենց քաղաքացիներին և հաստատություններին արգելել են համագործակցել Բելառուսի հետ։ Կանադայի պատժամիջոցները վերաբերում են Բելառուսից 24 ֆիզիկական և յոթ իրավաբանական անձանց: