ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Արևաշատ, Գայ և Զարթոնք համայնքներ, հետևել պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրերով ընթացող մանկապարտեզների կառուցման աշխատանքներին, որոնք իրականացվում են կողմերի 50 տոկոս մասնակցությամբ:
Արևաշատում մարզպետին ներկայացվել է, որ 114 մլն 393,56 հազար դրամ պայմանագրային արժեքով մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվում է երկու փուլով՝ 2020-2021 թվականների կտրվածքով: Առաջին փուլում կատարվել են հողային աշխատանքներ, պատրաստվել են միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կառուցվել է տանիքը, տեղադրվել են դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլով նախատեսված է ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում և ընդհանուր հարդարում, որն ամբողջությամբ կավարտվի հաջորդ տարվա հունվար ամսին:
Էդվարդ Հովհաննիսյանին ներկայացվել է նաև, որ ծրագրի վերջնարդյունքում՝ 20 տարի դադարից հետո, համայնքը կունենա մեկհարկանի, բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար: Մանկապարտեզի շահագործումից հետո էլ կստեղծվի շուրջ 12 հիմնական աշխատատեղ:
Այնուհետև մարզպետն այցելել է Գայ համայնք, որտեղ պոլիկլինիկայի հարևանությամբ 2020 թվականից սուբվենցիոն ծրագրով ընթանում է ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող երեք մասնաշենքից բաղկացած և 295 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը՝ 316 մլն դրամ պայմանագրային արժեքով:
Մարզպետին զեկուցվել է, որ վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ և լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մանկապարտեզի կառուցումը տարիներ շարունակ համայնքի գերակա խնդիրներից մեկն է հանդիսացել, որի լուծմամբ Գայի և հարակից համայնքների երեխաները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան: Ծրագրի իրականացմամբ մանկապարտեզում 20 հիմնական աշխատատեղ կբացվի:
Էդվարդ Հովհաննիսյանի վերջին կանգառը եղել է Զարթոնք համայնքը, որտեղ ևս պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում միչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականից մեկնարկած մանկապարտեզի կառուցումը՝ 168 մլն 325,06 հազար դրամ ծրագրային արժեքով:
Զարթոնքում մարզպետին ներկայացվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում՝ 16 տարի տևած դադարից հետո, համայնքը կունենա միահարկ տիպային շինություն՝ նախատեսված 75 երեխայի համար: Մանկապարտեզն իր մեջ կներառի 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ, սպորտդահլիճ, ապահովված կլինի նաև ջրամատակարարման և ջեռուցման համակարգերով:
Շրջայցի ընթացքում հանդիպելով ՏԻՄ ներկայացուցիչների և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հորդորել է վերջիններիս ամենայն լրջությամբ հետևել շինարարական աշխատանքների որակին և դրանք ավարտին հասցնել սահմանված ժամկետներում՝ միաժամանակ վստահեցնելով, որ շինհրապարակներ իր այցերը պարբերական բնույթ են կրելու և պայմանագրով նախատեսված աշխատանքների ցանկացած բացթողում անցանկալի հետևանք է ունենալու:
Մարզպետն անդրադարձել է նաև մանկապարտեզների՝ անհրաժեշտ գույքով ապահովման, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգման խնդրին՝ նշելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացի ավարտից հետո հարցը կքննարկեն համայնքապետարաններում և համապատասխան լուծումներ կգտնեն: