Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր «Մալաթիա» առևտրի կենտրոնում էին: Սա տեսուչների երրորդ մշտադիդարկումն էր տոնավաճառում: Այս անգամ ևս հակահամաճարակային մի քանի խախտումներ արձանագրվեցին:
Լենա Կարապետյան (ԱԱՏՄ Երևանի տարածքային կենտրոնի ավագ տեսուչ) - Փորձը ցույց է տվել, որ էն տաղավարները, որտեղ սպասարկողը չկա, ոչ բոլոր դեպքերում, բայց հիմնականում գրանցվել է, որ իրենց մոտ կա՛մ պատվաստված չեն, կա՛մ թեստավորված չեն: Այսինքն՝ արդյունք չունեն, դրա համար էդ պահին դուրս են գալիս տաղավարներից:
Մեծ և փոքր առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնները վերահսկող մասնագետները դրական միտումներ էլ են տեսնում, փաստում՝ առաջին այցի ժամանակ ավելի շատ խախտումներ են արձանագրել, հիմա պատկերը փոխվել է:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Նման վայրերում առաջնային խնդիրը դիմակներ կրելն է լինում, քանի որ մարդկային կուտակումները մեծ են լինում, և պարզապես հաճախորդներին վերահսկելը շատ ավելի բարդ է: Աշխատողների առումով ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի խնդիրն է եղել նախորդ անգամ, որ չեն ունեցել ոմանք:
Տոնավաճառի աշխատակիցների 95 տոկոսն արդեն պատվաստվել է, «մնացածը պարբերաբար թեստավորվում են»՝ վստահեցնում է տոնավաճառի տնօրենը: Սամվել Ավետիսյանի խոսքով՝ տաղավարները շատ են, մարդկանց հոսքը՝ մեծ, ու ամբողջը վերահսկել չեն կարող, և չի բացառվում, որ նաև բացթողումներ լինեն:
Սամվել Ավետիսյան («Մալաթիա» տոնավաճառի տնօրեն) - Մոտավորապես 650 տաղավար, աշխատող ունենք, առավոտյան մենք ժամը 8-ին քլորով մաքրում ենք ամբողջ տարածքները: Մեզ մոտ երբ հիվանդություն է սկսվում ինչ-որ մեկի մոտ, կողքի և դիմացի վաճառողները փակում են տաղավարները և 14 օրով մեկուսանում:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն անցած շաբաթ ավելի քան 850 ստուգայց են իրականացրել ու 31 խախտում արձանագրել: