Վարչապետից կա հանձնարարական Սյունիքում հնարավոր նոր ճանապարհների կառուցման համար: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Առաջիկայում և՛ ռազմավարական, և՛ այլընտրանքային ճանապարհներ կսկսենք նախագծել և կառուցել»,- ասաց Սանոսյանը:
Խոսելով արդեն կառուցված կամ ընթացքի մեջ գտնվող ճանապարհների կառուցման մասին՝ Սանոսյանը տեղեկացրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհի վրա մի քանի հատվածում որոշակի խնդիրներ են հայտնաբերվել:
«Այդ խնդիրներն իսկապես կան, մենք դրանք վաղուց ենք արձանագրել: Ճանապարհը 3 հատվածից է բաղկացած: Երկուսն անավարտ են այն պարզ պատճառով, որ նախատեսված է եռաշերտ ասֆալտապատում, բայց տեղադրված է 2 շերտը, մենք գիտակցաբար դա թողել ենք հաջորդ տարվան: Խնդիրները կլուծվեն, նոր կտեղադրվի 3-րդ շերտը»,- ասաց Սանոսյանը:
Սանոսյանը կարևորեց Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումը:
«19.9 կմ ճանապարհ է, որից 9 կմ-ի վրա արդեն մեծ ծավալի աշխատանք է արվել: Աշխատանքները բավականին արագ են ընթանում: Երկու շինարարական ընկերություններ տարբեր ուղղություններով աշխատում են: Մեր նպատակն է մարտ-ապրիլ ամսին սկսել ասֆալտապատումը»,- ասաց նախարարը: