ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները։ Կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» համագործակցության ձևաչափի ձևավորման հարցերին:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՆՈՐ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ-Ի ԴԵՄ
Ադրբեջանը ծրագրում է 2022 թվականին Հայաստանի դեմ 2 նոր հայց ներկայացնել՝ միջազգային կոնվենցիաների խախտման մեղադրանքով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։ Նրա խոսքով՝ առաջին հայցը վերաբերում է Արցախում շրջակա միջավայրին հասցված վնասին, մյուսը՝ էներգետիկ ռեսուրսների օգտագործմանը: Մամեդովը նշել է, որ Արցախի՝ Ադրբեջանը վերահսկողության տակ անցած շրջաններում իրականացվում են փաստահավաք աշխատանքներ: Նա, սակայն, չի հայտնել, թե որ միջազգային ատյաններ է պատրաստվում դիմել Բաքուն։ Դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու մասին՝ Հայաստանի հայցի մասով որոշումը՝ բավարարելով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները:
ՕԼԱՖ ՇՈԼՑԸ՝ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՆՑԼԵՐ
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օլաֆ Շոլցն ընտրվել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր։ Շոլցի օգտին քվեարկել է Բունդեսթագի 395 պատգամավոր։ Նա Գերմանիայի 9-րդ կանցլերն է։ Վերջին 16 տարվա ընթացքում երկիրը ղեկավարել է Անգելա Մերկելը։ Նոր կանցլերի ընտրությունից առաջ Բունդեսթագում նրա պատվին բուռն ծափահարություններ են հնչել։ Նախօրեին Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Բեռլինում կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել Կանաչների կուսակցության և նեոլիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության հետ։
ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՕՄԻԿՐՈՆԻ ՄԻԿՐՈԼՈՒՍԱՆԿԱՐԸ
Հոնկոնգի համալսարանի գիտնականները հրապարակել են կորոնավիրուսի նոր Օմիկրոն շտամի միկրոլուսանկարը, որն ստացվել է էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ Նրանց հաջողվել է ստանալ Օմիկրոնով վարակված կապիկի երիկամի բջիջների պատկերը, որը խոշորացնելիս երևում են նոր շտամի մասնիկները։ Ավելի վաղ գիտնականներին հաջողվել էր նաև Օմիկրոնի շտամն առանձնացնել կլինիկական նմուշներից, ինչը թույլ կտա դրա դեմ պատվաստանյութ մշակել։