ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի մակարդակով ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և ինչի շուրջ են բանակցում:
Ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Առաջին օրվանից և այսօր նույնպես ես ասել և կրկնում եմ մի շատ կարևոր հանգամանք և շատ կարևոր պոստուլատ, որը վերաբերում է մեր աշխատանքներին. մենք քննարկումներ ենք իրականացնում բացառապես երկրների իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում, ճանապարհների հետ կապված. այսինքն՝ ճանապարհները, որոնք անցնելու են տվյալ երկրներով, և որոնց շուրջ մենք իրականացնում ենք կամ վարում ենք քննարկումներ, ենթակա են լինելու տվյալ երկրի իրավազորությանը, և ենթակա են լինելու տվյալ երկրի ինքնիշխան կանոններին և գործելու են ինքնիշխանության ներքո. սա կարևոր մասն է մեր աշխատանքների, և այս շրջանակներում մենք մինչ օրս քննարկում ենք հարցեր»:
Երկրորդ խնդիրը, ըստ փոխվարչապետի, ենթակառուցվածքների հետ կապված տեխնիկական հնարավոր լուծումներն են, որոնք վերաբերում են երկաթգծին և ավտոմոբիլային ճանապարհներին:
«Երկաթգծի հետ կապված՝ անկեղծ ասեմ, որ բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև, ըստ էության, մեր բանակցությունները և քննարկումները Երասխից Հորադիզ գծին են վերաբերում, և, ըստ էության, այդ հատվածը ինչո՞վ է կարևոր. այն ոչ միայն ինքնուրույն հատված է, այլև հնարավորություն է Ջուլֆա-Ջուլֆա՝ Իրանի հետ կապ ստանալ Երասխից, և նաև դա մի օղակ է, որը կապվում է Վրաստանի երկաթգծի հետ ու դառնում տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային լուծում: Իմ պատասխանից կարող ենք ենթադրել, որ ընդամենը մեկ կտոր է քննարկվում, որը կոչվում է Երասխ-Հորադիզ, բայց այդպես չէ, այն հենց կտոր է, որը տարածաշրջանային նշանակություն ունի, ինչը մեզ համար շատ կարևոր է, որովհետև ես կարծում եմ՝ էս փուլում մեզ համար ամենակարևոր հարցերից մեկն այն է, որ տեխնիկական իմաստով մի լուծում գտնենք ու համաձայնեցնենք, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որի մասին մենք խոսում ենք, դա կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք այդ գործընթացը կապ ունի՞ սահմանազատման և սահմանագծման հետ, Մհեր Գրիգորյանն ընդգծեց՝ դրանք անկախ գործընթացներ են:
«Բացարձակ որևէ կապ այդ գործընթացներում չկա: Բնականաբար, ես էլ իմ հերթին, որքան հնարավոր է, ներգրավված կլինեմ աշխատանքներում նաև այլ ուղղություններով, բայց մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի. մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է, որն իրականացվում է որպես տարածաշրջանում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման ռեգիոնալ նշանակության գործընթաց: Մեկը մյուսի հետ չկապենք»,- նշեց ՀՀ փոխվարչապետը: