ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները հրապարակել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնմանը:
Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած հանդիպումներով սկսած երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը:
Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին՝ զերծ մնալ հրահրիչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի եռակողմ հայտարարությամբ ստանձնած և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությամբ վերահաստատած հանձնառությունները, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ համաձայնեցված մյուս պայմանավորվածությունները։ Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ հստակ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պահպանության վերաբերյալ, ինչպես նաև կառուցողական աշխատանք տանել այլ չլուծված խնդիրների կարգավորման նպատակով, ինչպիսիք են սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը:
Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջին միջադեպերը և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխան գործելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչությանը հասանելիության հետ կապված բոլոր սահմանափակումները:
Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին՝ ընդունել համանախագահներին տարածաշրջանում հնարավորինս շուտ՝ թույլ տալու նրանց՝ առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերոնշյալ հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ: Նրանք նաև վերահաստատում են իրենց լիակատար աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեքորեն համագործակցել նրա հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր խնդիրների համար՝ իրենց մանդատի համաձայն ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան: