Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին: Փոխվարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև հաստատված հաջող գործընկերությունը՝ նշելով, որ այն արդյունավետ է եղել ինչպես ենթակառուցվածքների ու մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի հարցում:
Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ շնորհավորելով Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագիրը:
Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է այն՝ ակտիվ աշխատանքներ տանելով դրա 2-րդ և 3-րդ տրանշները ավարտին հասցնելու ուղղությամբ:
Համբարձում Մաթևոսյանը հավելել է, որ ծրագրի հարավային հատվածի շինարարությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն առավել ընդգծում է դրա ուղղությամբ ակտիվ աշխատանքների անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին», որով նախատեսված է եղել կառուցել և ամրացնել 46 դպրոց: Շեշտելով առողջապահության և կրթության ոլորտներում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ԱԶԲ-ի տրամադրած աջակցությունը ինչպես բժշկական կարողությունները զարգացնելու, այնպես էլ ճգնաժամային պայմաններում հեռավար կրթության անցման ուղղությամբ:
Հանդիպման օրակարգում էր նաև պետություն-մասնավոր գործընկերության հարցը:
Համբարձում Մաթևոսյանը ուշադրություն է հրավիրել մասնավոր հատվածում ԱԶԲ-ի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ավելացման անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով նոր օրենսդրական դաշտի առկայության և այդ ասպարեզում ԱԶԲ-ի կողմից միջազգային լավագույն փորձին տիրապետելու հանգամանքները: