Հասարակական տրանսպորտը մայրաքաղաքում շարունակում է գերբեռնված երթևեկել: Տեսչականի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի մասնագետներն Աջափնյակում միկրոավտոբուս, ավտոբուս ստուգեցին, հակահամաճարակային կանոնները չպահպանելու բազմաթիվ խախտումներ արձանագրեցին:
Վարորդ - Մարդիկ աշխատանքի են, դասի են, ուսանող են: Ես չեմ կարող ոչ մեկին ստիպեմ, ասեմ՝ ինչու եք նստում, ինչու չեք նստում: Մեծամասնությունը դիմակով է:
37 համարի միկրոավտուբուսում կանգնելու տեղ չկար: Ուղևորներն ուրիշ տարբերակ չունեն. պատրաստ են խցկված երթևեկել, միայն թե դասից կամ աշխատանքից չուշանան: 6 համարի միկրովտոբուսի կանգնած ուղևորներն իջան, վարորդն էլ հրաժարվեց շարունակել երթուղին: Վարորդական փաստաթղթերն էլ ստուգեցին ու խախտում արձանագրեցին:
Գոռ Հարությունյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի փորձագետ) - Ճանապարհային թերթիկում բացակայում էին բուժակի և մեխանիկի նշագրումները, երբ առավոտյան երթի է գալիս տրանսպորտային միջոցը, անպայման պետք է լինի և՛ բուժակի, և՛ մեխանիկի նշագրումները: Մեր խնդիրը մնում է գերբեռնվածությունը, հասարական տրանսպորտը և՛ առավոտյան, և՛ երեկոյան ժամերին աշխատում է խիստ գերբեռնված:
Տեսչականի մասնագետները հիշեցնում են՝ միկրոավտուբուսներում չի թույլատրվում կանգնած երթևեկել: Վստահեցնում են՝ իրենց նպատակը ոչ թե տնտեսվարողին տուգանելն է, այլ համաճարակային իրավիճակը զսպելը:
Հակոբ Բաղդասարյան (ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտային անվտանգության բաժնի ավագ մասնագետ) - Մենք հիմնականում պարտադիր կատարման ցուցում ենք տալիս վարորդներին, նախազգուշացնում ենք, որպեսզի սկզբնակետից դուրս գալիս, երբ նստատեղերը զբաղված են լինում, ուղևորներ չվերցնեն, բայց նաև լինում են խախտումներ:
Մեր տեսախցիկը նաև թեթև ավտովթար ֆիքսեց, դրանով արդեն պարեկները զբաղվեցին: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Աջափնյակում մեկ ժամում 35 տրանսպորտային միջոց ստուգեցին, կազմեցին 6 արձանագրություն: