Ազգային ժողովի նախագահը երեկ կայացած Անվտագության խորհրդի նիստի մասնակիցներից էր: Արդյոք այդ նիստը կապ ունե՞ր Ադրբեջանի նախագահի հենց երեկ արած հայտարարության հետ, որով Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը: Այսօր «Պատիվ ունեմից» Թագուհի Թովմասյանը հետաքրքվեց Ալեն Սիմոնյանից:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Արդեն ասացի, որ ժամանակային առումով դրանք մեկը մյուսին չեն բռնում:
Սիմոնյանին հարցեր ուներ նաև «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանը, նրա ելույթի պահին ԱԺ նախագահը դահլիճում չէր:
Արեգնազ Մանուկյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր - Օրերս թուրքամետ կայքերից մեկին տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանն արդարացել էր, որ իր դեմ քարոզարշավ է իրականացվում, քանի որ ունենում է արդյունավետ հանդիպումներ դրսում և փայլուն հարաբեություններ հաստատում ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Թե ինչքանով են դրանք փայլուն, պարզվեց երեք օր առաջ, երբ ՌԴ ԱԳՆ-ից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն՝ գոյություն չունեցող «Լավրովի պլանին» հղում անելու համար: Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր, ահա սա է նրա փայլուն հարաբերության և արդյունավետ աշխատանքի գնահատականը, փայլուն ու արդյունավետ նրա մոտ միայն ասֆալտի տենդեռները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալն ու նույն պետբյուջեի հաշվին նոր պադավատ ունենալն է ստացվում:
Սիմոնյանը դահլիճ վերադարձավ ընդմիջումից հետո ու արձագանքեց Արեգնազ Մանուկյանի մեղադրանքներին:
Ալեն Սիմոնյան - Կարծում եմ՝ Արգենազ Մանուկյանի ելույթի հետ կապված կարելի է ասել երկու-երեք բան. առաջինը՝ ես բոլոր բարձրացրած հարցերին վաղուց պատասխանել եմ, երկրորդը՝ տիկին Մանուկյանը դատարանում ստիպված կլինի իր ասածներն ապացուցել կամ, հակառակ պարագայում, կվճարի գումար և այստեղից կհերքի իր ասածներն իմ անձի վերաբերյալ, քանի որ դրանք կատարյալ սուտ են և դրանով, կարծում եմ, կսահմանափակվենք դեռ: Ես կրկին կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում:
Նիստի առաջին հատվածում քննարկվող թեման «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունն էր, որն օրակարգում ընդգրկելու համար դրվեց պատգամավորների դատին: Ընդդիմադիր ուժի համոզմամբ՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների» մասին օրենսդիրը պետք է հայտարարություն ընդունի: Իշխող խմբակցությունից էլ հայտարարեցին՝ դրա բովանդակությունն ընդունելի չէ իրենց համար:
Ընդդիմության 28 կողմ ձայնով նախագիծը չընդգրկվեց օրակարգ: «Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդեց՝ երկրի շուրջ ստեղծված է բարդ իրավիճակ ու քաղաքացիների մտահոգությունները փարատելու համար նման քննարկումներ ոչ թե իրենք, այլ իշխանությունը պետք է նախաձեռներ:
Սեյրան Օհանյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար - Այս հայտարարությունում մեջ քաղաքական ենթատեքստ չկա:
Իշխող խմբակցությունն ինչպես կարող է անվստահության կանխավարկածով հանդես գալ իր իսկ ձևավորած կառավարության նկատմամբ՝ արձագանքեց ՔՊ-ի ղեկավարը: Քաղաքագիտական աբսուրդ որակելով իրավիճակը՝ Հայկ Կոնջորյանն ընդդիմությանն առաջարկեց՝ եթե նպատակն իրոք անվտանգային խնդիրների լուծումն է, նման հայտարարությունները պետք է համատեղ մշակել, թեկուզ աշխատանքային խումբ ստեղծելով:
Հայկ Կոնջորյան, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար - Դուք ցանկանում եք անվտանգային հարցերի սոուսի ներքո քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություն հրամցնել մեր հասարակությանը:
Ընդդիմադիր խմբակցությունը, սակայն, նախագծի լրամշակված տարբերակը դնելու է շրջանառության մեջ ու պատգամավորների 1/4 ստորագրությամբ դեկետեմբերի 14-ին նույն թեմայով արտահերթ նիստ գումարելու առաջարկություն է անելու՝ տեղեկացրեց Արծվիկ Մինասյանը:
Ընդդիմության առաջարկով՝ այսօր օրակարգում մեկ այլ, հրատապ քննարկում էր ընդգրկված «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները» թեմայով: Մինչև այն կսկսվեր, նախաձեռնության հեղինակները հետաքրքրվեցին՝ արդյոք ներկայանալու են վարչապետը, Պաշտպանության ու Արտաքին գործերի նախարարները:
Նախագահությունից վստահեցրեցին՝ հրավեր ուղարկվել է: Ռուբինյանն էր հիշեցրեց՝ նախորդ՝ սեփական նախաձեռնած քննարկմանն ընդդիմությունը չէր ներկայացել, թեև գործադիրից պատրաստոկամություն էին հայտնել գալու:
Արդեն օրվա երկրորդ կեսին դռնփակ ռեժիմով քննարկումն սկսվեց, բայց կարճ տևեց: Ընդդիմադիրները լքեցին դահլիճը՝ իրենց խոսքով չտեսնելով պատասխանատու գերատեսչություններից պատշաճ ներկայացվածություն, այսինքն՝ առաջին դեմքերին:
Օրակարգի մյուս հարցերն արդեն դռնբաց քննարկվեցին: Կառավարությունն առաջարկում է փոփոխել Աշխատանքային օրենսգիրքը՝ գործատուին հնարավորություն տալով ընդհուպ հեռացնել այն աշխատողին, որը
չի ներկայացնի պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան:
Ընդդիմությունից կարծում են՝ հարցի քննարկումը պետք է հետաձգվեր, քանի որ այս նույն կարգավորման վերաբերյալ, որն առայժմ նախարարի հրամանի տեսքով է, հիմա իրավական վեճ է ընթանում սահմանադրական դատարանում, բարձր ատյանն էլ դեռ որոշում չի հրապարակել: Փոխնախարարը, սակայն, նշեց՝ ՍԴ-ում առկա բողոքը խոչընդոտ չէ օրենքում փոփոխություն կատարելու համար, սա միտված է պատվաստումների ավելացմանն ու հանրային իմունիտետի ձևավորմանը: Հարցի քննարկումը կշարունավի վաղը: