Ընդդիմության 28 կողմ ձայնով «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարություն ընդունելու մասին» հարցը քառօրյայի օրակարգում չընդգրկվեց:
Նախաձեռնությունը «Հայաստան» խմբակցությանն է, «Քաղաքացիական պայմանագիրը» չի մասնակցել քվեարկությանը:
Երկրորդ քաղաքական ուժի քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ նախագծի լրամշակված տարբերակը դրվելու է շրջանառության մեջ, ու պատգամավորների մեկ քառորդի ստորագրությամբ դեկտեմբերի 14-ին արտահերթ նիստ գումարելու առաջարկ է լինելու:
Դեմ քվեարկելու որոշումը բացատրեց իշխող խմբակցության ղեկավարը: Հայկ Կոնջորյանի խոսքով՝ հայտարարությունում կան ներքաղաքական նպատակներ հետապնդող ձևակերպումներ, որոնք ընդունելի չեն իշխանության համար: Թեման քննարկվել է գրեթե մեկ ժամ, նաև ելույթների տեսքով:
«Դուք գրում եք, որպեսզի մենք չընդունենք, ոչ թե գրում եք, որպեսզի ընդունենք: Գրում եք, որպեսզի քաղաքական մեծամասնությունը, հասկանալով, որ այդտեղ կան ներքաղաքական անընդունելի տեքստեր, այդ հիմքով մերժի, հետո դուք ասեք՝ քաղաքական մեծամասնությունը մերժեց անվտանգային հարցերի վերաբերյալ մեր բերած նախագիծը: Դրա համար էլ ես համարում եմ, որ սա ներքաղաքական շահարկման դաշտում գտնվող հայտարարության նախագիծ է»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Այս հայտարարության մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա: Նպատակը մեկն է՝ զերծ պահել ՀՀ իշխանություններին, գործադիրին, որին պետք է պատվեր տա ԱԺ-ն չկատարել որևէ քայլ մեր ժողովրդի թիկունքում, որը վնաս կհասցնի մեր շահերին»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Այն հայտարարությունը, որն ինքնին պարունակում է կառավարության նկատմամբ անվստահության էլեմենտներ, մասնավորապես՝ հակասահմանադրական գործողությունների դիմելու կոնտեքստում կամ ոչ հայանպաստ դիրքորոշումներից հանդես գալու տեսքով, չի կարող ընդունելի լինել մեզ համար»,- հավելեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: