Ազգային ժողովում այսօր երդվեց նոր մանդատ ստացած, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը: Նա խորհրդարանում փոխարինել է Դավիթ Սեդրակյանին:
Նիստի առաջին հատվածում «Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ իրենց ուժի նախաձեռնած՝ ռազմագերիների, պատանդների, անհետ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրների թեմայով քննարկումը անցկացվելու է այսօր:
Նա Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննակմանը ներկա՞ են լինելու հարցերի համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները:
«Դուք մի փոքր թյուր պատկերացում ունեք ընդհանրապես խորհրդարանականների փոխհարաբերությունների և ԱԺ նախագահության և պատգամավորների փոխհարաբերությունների մասին: ԱԺ նախագահության պարտականությունն է ապահովել ԱԺ նորմալ, անխափան գործունեությունը, և այդ պարտավորությունը կատարվում է, իսկ թե կառավարությունից ով կգա կամ չի գա այդ քննարկմանը, ձեր և կառավարության փոխհարաբերությունների տիրույթում է կամ կառավարության նպատակահարմարությունների տիրույթում է»,- ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: