Մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին: Այս մասին նշված է 2021 թ. Հայաստանի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ:
«Մենք բարձր ենք գնահատում հայ ժողովրդի մասնակցությունը հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, գնահատանքի է արժանի նաև Հայաստանի` ժողովրդավարական ուղուն հետևելու հայ ժողովրդի ցուցաբերած շարունակական նվիրվածությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ։
«Ուրախ ենք արձանագրելու, որ ընտրությունները ընդհանուր առմամբ անցել են հանգիստ, խաղաղ մթնոլորտում և եղել են լավ կազմակերպված: Արդյունքների բազմազանությունն ընդգծեց ընտրությունների մրցակցային բնույթը, Հայաստանի ժողովրդավարության տոկունությունը և տարիների ընթացքում Հայաստանի գրանցած զգալի առաջընթացը»,- նշված է հայտարարության մեջ։
Դեսպանությունը խրախուսել է իշխանություններին՝ հետաքննել չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։
«Մինչ մենք աշխատում ենք կատարելագործելու մեր իսկ ժողովրդավարությունը, մենք ողջունում ենք Հայաստանի Հանրապետության հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների իր օրակարգին և ակնկալում ենք ամրապնդել մեր երկկողմ կապերը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»,- նշված է հայտարարության մեջ։