Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 35 շենքն է, առաջին մուտքը արդեն մի քանի տարի փակ է, այն ճանաչվել է չորրորդ և ավելի բարձր աստիճանի վնասվածության: Հարևանությամբ մարդիկ են ապրում, իսկ այս շքամուտքի բնակիչներին վերաբնակեցրել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Վերջին տվյալներով՝ հանրապետության 19183 բազմաբնակարան շենքից 614-ը անբավարար տեխնիկական վիճակում են, 90-ը՝ չորրորդ աստիճանի վնասվածության:
Տանյա Արզումանյան (Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - 524-ը՝ երրորդ աստիճանի: Երրորդ աստիճան ունեցողները ունեն ավելի շատ ուժեղացման, վերականգնման կարիք, և չորրորդ աստիճանի վնասվածության դեպքում, միանշանակ ցուցված է քանդել, եթե պատմամշակութային արժեք չէ:
Հայաստանի բազմաբնակարանների մոտ 90 տոկոսը կառուցվել է խորհրդային տարիներին, մեծ մասը կես դարից ավելի հնության է, ենթարկվել է բնականոն մաշվածության:
Չորրորդ աստիճանի վնասվածության շենքերի խնդիրը համակարգային լուծելու համար կառավարության ծրագրում «ծերացող» բնակֆոնդը նորացնելու, թարմացնելու երկու միջոցառում է նախատեսված:
Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության 24 շենքն է: Շենքերի հետ նաև պատշգամբներն են հնանում, վնասվում. անզեն աչքով էլ տեսանելի է՝ պատշգամբները անմխիթար, վթարային վիճակում են:
1930-ականներին կառուցված շենքում, բնակչի խոսքով, երբևէ վերանորոգման, ամրակայման աշխատանքներ չեն կատարվել: Տարիներ շարունակ տասնյակ դռներ են թակել, ապարդյուն:
էն չորս մուտքերը 80-ականներին պետության միջոցներով կառուցվեց, պետք է շարունակվեր, բայց Խորհրդային Միությունը փլուզվեց, խնդիրն այդպես էլ մնաց չլուծված: Ի սկզբանե ամենավթարայինը եղել է 9-րդ մուտքը:
Որ նման պատկեր չլինի, վթարային շենքերի խնդիրը նաև ներդրողների միջոցով է հնարավոր լուծել՝ նշում է բնակֆոնդի վարչության պետը, շեշտում՝ պետություն-մասնավոր գործակցության ծրագիր կա, որ վթարային շենքի տեղում նորը կառուցվի:
Տանյա Արզումանյան - Մեխանիզմը հետևյալն է. ներդրողը կառուցում է բազմահարկ շենք, վերաբնակեցնում է վթարային շենքի բնակիչներին, մնացած բնակարանները, որոնք ավելի լավ վիճակում են, օտարվում են:
Սա շենքերի տեխնիկական վիճակի մասին, այլ է սեյսմիկ խոցելիության խնդիրը՝ արդյոք շենքը կդիմակայի՞ հնարավոր երկրաշարժի դեպքում:
Գուրգեն Նամալյան (ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետի տեղակալ) - Մի բան է շենքի տեխնիկական վիճակը, մի բան է սեյսմակայունությունը: Դրանք փոխկապակցված են: Այսինքն՝ ինչքան շենքի տեխնիկական վիճակը վատթարանա, այնքան շենքի խոցելիությունը կբարձրանա, բայց այնպես չէ, որ շենքի տեխնիկական վիճակը լավ է, շենքը սեյսմիկ է՝ ոչ: Շենքը կարող է նոր կառուցված լինել, բայց սխալ նախագծվել և, ուրեմն, երկրաշարժից կփլուզվի:
Հնարավոր ռիսկերից խուսափելու համար չորրորդ և ավելի ռիսկայնության նոր կառուցվող շենք-շինությունները Քաղաքաշինության կոմիտեն ենթարկում է պետական համալիր փորձաքննության, դրական եզրակացության դեպքում միայն թույլատրում շինարարությունը:
Դավիթ Գրիգորյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ) - Շատ ավելի դժվար ու ծախսատար է, երբ որ նորմերին չհամապատասխանող նախագիծը հասնում է շինարարության փուլ, ու էնտեղ է պարզվում, որ չի համապատասխանում նորմերին:
Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է՝ շինարարություն մեկնարկից առաջ՝ նախագծային փուլում թե ընթացքում, խախտումներ չունենալ, այլապես շենքը ավարտական փաստաթուղթ չի ստանա: