Հայաստանի զբոսաշրջային քաղաքում դեռ կան հազարավոր մարդիկ, որոնք ապրում են տնակներում։ Նրանցից միայն 410 ընտանիքի հանդեպ պետությունը պարտավորություն ունի՝ ապահովել բնակարանով՝ որպես աղետի հետևանքով տուն կորցրած ու բնակարանային փոխհատուցում չստացած ընտանիք: Սպիտակի երկրաշարժից հետո՝ 33 տարվա ընթացքում, 5419 ընտանիքից լուծվել է 5177-ի բնակարանային խնդիրը՝ 67 մլրդ դրամով:
Անցյալ տարվանից մեկնարկել է 214 ընտանիքի բնակապահովման գործընթացը: Նրանցից 187-ը գերադասել են պետական աջակցությունն օգտագործել իրենց ունեցած բնակելի տարածքը նորոգելու, բարեկարգելու համար: 20 ընտանիք պետությունից ստացել է բնակարանի գնման վկայագիր, ևս 7 ընտանիք էլ պարզապես նախընտրել է ստանալ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ավարտին, այնուամենայնիվ, մնում է բնակարանամուտ չտոնած 28 ընտանիք:
Տանյա Արզումանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ) - Այսինքն՝ 214-ի խնդիրը մեկնարկել է 2020-ին և արդեն մինչև տարեվերջ կավարտվի, մարզպետարանները արդեն ամփոփում են աշխատանքները: Այստեղ կա նաև 28 ընտանիքի խնդիր, որոնք հիմնականում Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրից են: Այս ընտանիքները քանի որ Կապսի ջրամբարի վերաբնակեցման ծրագրով են, խնդրել են, որ իրենց ներառեն այդ ծրագրի շրջանակում:
Այն մարդիկ, որոնք տուժել են երկրաշարժից, բայց ժամանակին չեն ներառվել աջակցության ծրագրերում, այժմ կարող են դատական կարգով վերականգնել բնակապահովման իրենց իրավունքը:
Նման ընտանիքների խնդիրները կլուծվեն տարեկան բյուջեի շրջանակում՝ ԲԳՎ-ի տրամադրմամբ: Բացառություն կկազմեն գյուղական բնակավայրերի մեկսենյականոց բնակարանների շահառուները, որոնց ուղղակի ֆինանսական աջակցություն կտրամադրվի 3 մլն դրամի չափով:
Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Այս պահի դրությամբ մենք ունենք 2776 տնակ, որից 507-ը բնակեցված չեն, երկրից են բացակայում, այդտեղից 410 ընտանիք կարգավիճակով ժամանակին փաստ չեն ներկայացրել բնակարան։
Հաղթանակի 44 հասցեն Նունե Իպրաջյանը երբեք չի մոռանում։ Շենքում նա ապրում էր ընտանիքի հետ մինչև 88-ի երկրաշարժը։
Նունե Իպրաջյան - Հիմա խանութներ են տեղում, շենքը չկա, հինգերորդ հարկում էինք, պատրաստվում էի փոքրիկիս քնացնել և երկրաշարժը․․․ տկլոր, բոբիկ։
Սեփական տանիքը կորցնելուց հետո որոշ ժամանակ ապրել են բարեկամների տանը, հետո նոր հասցեում՝ Ավտոկայան՝ տնակային ավան։ Այստեղ ավելի երկար ապրեցին, քան շենքում։
Նունե Իպրաջյան - 25 տարեկան էի, հիմա՝ 58։ Երեք երեխա եմ ունեցել, թոռներ: Պատկերացրու՝ սովորել ենք, հույս, չգիտեմ՝ ունենք-չունինք, ունինք ինչխոր թե։
410 ընտանիքի հանդեպ պետությունը 33 տարի անց էլ դեռ իր պարտավորությունը չի կատարել։
Երկու տարի առաջ՝ վերջնական մոնիթորինգից հետո, քննարկում էին պետական բնակարանաշինություն մեկնարկելու հնարավոր ծրագրեր։ Սակայն քովիդի բռնկումից, պատերազմից հետո ծրագրերը նորից հետաձգվեցին։ Առայժմ պետական բնակարանաշինական ծրագիր չկա։ Բարեգործական տարբեր ծրագրեր են գործել՝ Համահայկական հիմնադրամ, ԱՌդա, որոնք ինչ-որ չափով թեթևացրել են պետության հոգսը։
Տնակատերերի երկրորդ խումբն այն անօթևաններինն են, որոնք փաստացի իրենց բնակարանը չունեն, դարձյալ հայտնվել են տնակում, բայց ոչ երկրաշարժի հետևանքով։ Մարիետա Հակոբյանի դստեր ընտանիքը տնակում է 2012 թ.-ից, երիտասարդ աղջիկը տնակը գնել է, նա միայնակ մայր է։
Մարիետա Հակոբյան - Ասել են՝ երբ որ տանք: Բոլոր անօթևան հերթում գտնվողները, նոր ձեզ համար հերթ կհասնի: Պայմանների մասին․․․
2022-ից նոր ծրագիր է մեկնարկում Գյումրիում նրանց համար, ովքեր անօթևան են, բայց ոչ երկրաշարժի հետևանքով։ Ծրագրից կարող են օգտվել միջին խավի ընտանիքները։ ԱՌՔ բարեգործական ընկերությունը բնակարան կկառուցի, որի արժեքի 50 տոկոսը վճարելու է ընտանիքը՝ տարիների ընթացքում։
Վարդգես Սամսոնյան - Եթե այս ծրագիրն աշխատի, շարունակական կդարձնեն: Գյումրիի քաղաքապետարանը տնակների թվի նվազման մեկ այլ ծրագիր էլ ունի, սեփականաշնորհման և շինթույլտվության իրավունք տալ քաղաքացիներին, որոնք քարաշեն կցակառույցներ ունեն և ուզում են տնակը տուն սարքել: Աղետից հետո 33 տարվա ընթացքում Գյումրիում կառուցվել ու շահագործման է հանձնվել 18 հազար բնակարան: