1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց, իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեց ամենատխուր էջերից մեկը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժ:
Էպիկենտրոնից հարյուր կիլոմետր հեռավորությամբ բնակվողներն անգամ զգացին, որ աղետալի ինչ-որ բան է կատարվում: Սակայն արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպե հետո:
Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚ որտեղ ապրում էր 1 միլիոն բնակիչ, ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:
Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո: Երբեմնի ճարտարապետական գեղեցիկ ձեռագրից, պատմական շենքերից և Գյումրվա կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և թոզի էր վերածվել քաղաքի 60 տոկոսը: 230 հազար բնակչից երկրաշարժի հետևանքով մահացել էին 17 հազարը:
Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց:
Երկրաշարժից կրած կորուստները Հայաստանի համար իսկապես անդառնալի էին: Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու: Ավելի քան 500 հազար մարդ մեկ օրում դարձավ անօթևան: Միայն Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը հատում էր 22 հազարը: Հենց այդ ժամանակ էլ քաղաքը լցվեց այսպես կոչված տնակներով, որոնցից Գյումրին ամբողջությամբ չի ձերբազատվել մինչ հիմա:
Համաշխարհային բանկի 2017 թվականի գնահատմամբ՝ նյութական ուղիղ կորուստները կազմել են 15-20 միլիարդ դոլար, ահռելի թիվ Հայաստանի համար նույնիսկ ներկայիս պայմաններում:
Երկրաշարժը նաև փաստացի վերացրեց կամ զգալի վնասեց տնտեսական ներուժը՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էր 82 հազար մարդ: Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը:
Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը:
Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ:
Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:
Երկրաշարժի նման հետևանքների պատրաստ չէր նույնիսկ Խորհրդային նման պոտենցիալ ունեցող պետությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԽՍՀՄ ղեկավարը պաշտոնապես դիմեց Միացյալ Նահանգներին՝ հումանիտար օգնության համար:
Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրի կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ:
Հայաստանին առավել նշանակալի օգնություն ցույց տված անձինք պարգևատրվեցին հատուկ հուշամեդալով վեհանձնության ու գթասրտության համար: Աղետի գոտու բնակչությունը և հայ ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում ունեցան բազմաթիվ բարեկամներ, որոնցից թերևս չորսը ներկայացնում էին գթասիրտ աշխարհի խորհրդանշանը՝ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Մայր Թերեզան և ֆրանսիահայ երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը: Նրանց անուններով Հայաստանում կոչվեցին բազմաթիվ փողոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Վազգեն Վեհափառը, Ռիժկովն ու Ազնավուրը հետագայում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի բարձրագույն կոչման արժանացան: