Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Լուրերին» հայտնել է, որ հրապարակումներն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրից հետո: Ընդդիմադիր պատգամավորների օգնականները պնդել են, որ ծեծի են ենթարկվել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում: Միջադեպի մասնակիցներից են նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանը:
Նա, հիշեցնենք, մեղադրյալի կարգավիճակ ունի 2020-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը Երևանում զանգվածային անկարգությունների գործով: Նախաքննության սկզբում նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, սակայն դատարանը մերժել է: Նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ: Գերասիմ Վարդանյանն անցնում է նաև «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակման գործերով։