Գերմանիայի ձախ կենտրոնամետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիոն համաձայնագիր է ստորագրել Կանաչների կուսակցության և նեոլիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցության հետ Բեռլինում կայացած արարողության ժամանակ, փոխանցում է DW-ն:
«Կանաչները» միայն նախօրեին էին կողմ քվեարկել կոալիցիոն գործարքին:
Նախատեսվում է, որ այս շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցի ընտրությունը և երդմնակալությունը:
Կոալիցիոն համաձայնագրի ստորագրման արարողությանը Շոլցը նշել է, որ կորոնավիրուսի համաճարակի և Գերմանիայում դրա չորրորդ ալիքի դեմ պայքարը սկզբնական փուլում կպահանջի նոր կառավարության ողջ «ուժն ու էներգիան»: Նրա խոսքով՝ եթե երեք քաղաքական ուժերը կարողանան շարունակել նման արդյունավետ համագործակցությունը, դա կօգնի երկրում առկա խնդիրները լուծելու հարցում:
Անդրադառնալով նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ Շոլցը նշել է, որ իր առաջին այցերը կլինեն Փարիզ և Բրյուսել: Նրա խոսքով՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աշխատանքը կլինի Գերմանիայի ամենակարևոր գերակայությունը։