Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին այցելել է Մարտունի քաղաք և շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Երկրի ղեկավարը նշել է հիմնական առաջնահերթությունները, որոնք գտնվում են կառավարության օրակարգում: Նա ընդգծել է, որ գալիք տարվա պետական բյուջեի միջոցների ավելացմամբ պայմանավորված կավելանան նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունները:
Անդրադառնալով պետական կառավարման համակարգի՝ պատերազմի օրերին իրենց ծառայողական պարտականությունները չկատարած կամ ոչ պատշաճ կատարած աշխատակիցներին աշխատանքից ազատելու և դատական կարգով հետագայում վերականգնվելու դեպքերին առնչվող դժգոհություններին՝ նախագահը նշել է, որ խնդիրն ունի իրավական և բարոյական կողմեր:
«Արցախն իրավական երկիր է։ Այս տարիների ընթացքում մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած ու անկախ դատաիրավական համակարգն է, որի պարագայում մենք հետ քայլ անելու իրավունք չունենք: Մենք համատեղ ջանքերով պետք է պահպանենք մեր պետական բոլոր ինստիտուտների անխոչընդոտ աշխատանքը՝ որպես մեր նորանկախ պետականության գոյության ու հարատևության համոզիչ փաստեր: Ուստի, մեր որդեգրած քաղաքականության համաձայն, մենք որևէ ձևով չենք միջամտելու դատարանի կողմից կայացվող վճիռներին։ Հասկանում և ընդունում ենք նաև խնդրի բարոյական կողմը, կա ձևավորված հանրային պահանջ, պատերազմի օրերին հայրենիքի պաշտպանության գործին մասնակցության չափի ու պաշտոնեական պարտականությունների կատարման պատշաճության վերաբերյալ հանրային օբյեկտիվ գնահատականներ ու ընկալումներ, սոցիալական արդարության վերականգնման նեղ համայնքային, հաճախ զգացմունքային, բայց նաև բարոյական, սովորութային նորմերով խիստ փաստարկված օբյեկտիվ պահանջներ, որոնք պետք է հաշվի առնել, և հավաստիացնում եմ ձեզ, որ քաղաքական իշխանություններն այս ուղղությամբ օրենքի շրջանակում փորձելու են այլ լուծումներ գտնել»,- ասել է Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է արտաքին անվտանգային ապահովման հարցում ռուսական խաղաղապահ առաքելության դերն Արցախում, նշել, որ զուգահեռ աշխատանքներ են տարվում փոխլրացման սկզբունքով ուժային կառույցների հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ:
Հանդիպման վերջում նախագահն իր առանձնահատուկ երախտագիտությունն է հայտնել ազատամարտիկ, Մարտունու պատվավոր քաղաքացի և բնակիչ Վարդան Խաչատրյանին՝ նրան նվիրելով «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Վերջինս, լինելով Արցախյան առաջին պատերազմի զինհաշմանդամ, 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ մշտապես եղել է առաջնագծում, հերոսաբար կատարել իրեն վստահված պարտականությունները:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մասնակցել է շրջանի յոթ հրետանավորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Նա անգնահատելի է համարել հայրենիքի հերոս զավակների նվիրումն ու սխրանքը` նրանց հետմահու շնորհելով «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան։
Շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը եղել է նաև Մարտունի քաղաքում կառուցվող բազմաբնակարան թաղամասում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: