ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով:
Մրցույթին ներկայացվել է 137 հայտ: Գնահատման նախնական փուլը հաղթահարել և եզրափակիչ գնահատման փուլ է անցել 41 հայտ: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրը արժանացել է 500000-ական դրամի:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հինգ անվանակարգերում հաղթող գաղափարներն են՝
-
Քիմիական գիտություններ՝ «Նոր բաղադրությամբ արագ ամրացող և բարձր ընդարձակման գործակցով հրակայուն կապակցողների ստացումը (MeF)_2 (Me-Mg,Ca)-CaO-(AI)_2O_3-(SiO)_2 համակարգի ապակիների հիմքով»:
-
Տեխնիկական գիտություններ՝ «Գերկարծր նանոհատիկային նյութերից կոմպոզիտային զրահաբաճկոններ»:
-
Գյուղատնտեսական գիտություններ՝ «Անասնակերերի (սիլոս) փոքրածավալ արտադրության նոր տեխնոլոգիայի մշակում»:
-
Պատմական գիտություններ՝ «Պատմությունն աչքի առաջ»:
-
Ռազմական գիտություններ՝ «Ավտոմատացված օպտիկական հայտնաբերումով ակտիվ ՀՕՊ համակարգ՝ «Վիշապաքաղ»:
«Հույս ունեմ, որ մրցանակային գումարը կուղղեք ձեր գաղափարների իրագործմանը: Իսկ չհաղթող մասնակիցներին ոչ մի դեպքում չընկճվելու, այլ նոր ոգևորությամբ աշխատելու կոչ եմ անում, քանի որ ձեր գաղափարները կարող են կյանքի կոչվել այլ շահագրգիռ կառույցների աջակցությամբ»,- հաղթողներին մրցանակ հանձնելիս ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն էլ հավելել է, որ որպես գերատեսչություն՝ իրենք պատրաստ են համագործակցելու և քննարկելու երիտասարդների նախագծերը:
Հաղթող երիտասարդները նշել են, որ հաղթանակը ոգևորիչ է, և հայտերը պատրաստելիս առաջին հերթին առաջնորդվել են իրենց գաղափարներով ու առաջ քաշած նորարարություններով երկրի զարգացմանն ու ներկայացված ոլորտների առաջխաղացմանը ծառայելու հրամայականով: