ԱՄՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը:
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՅԴԵՆ-ՊՈՒՏԻՆ ՀԵՌԱՎԱՐ ԶՐՈՒՅՑԸ
Այսօր ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև տեսակոնֆերանս տեղի կունենա: Հանդիպմանն ընդառաջ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել մեծ սպասումներ չունենալ՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունների հետ կապված: Նրա խոսքով՝ շատ դժվար է ակնկալել, որ բանակցությունները բեկումնային կլինեն: «Մեր երկկողմ հարաբերություններում ավգյան ախոռները հազիվ թե կարողանան մաքրվել մի քանի ժամ տևող բանակցությունների ընթացքում»,- նշել է Պեսկովը և ավելացրել, որ նախագահները քննարկելու հարցեր ունեն՝ պայմանավորվածությունների իրագործման առումով, որոնք ձեռք են բերվել Ժնևում կայացած գագաթնաժողովում:
Հանդիպումից առաջ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենը դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հավանականությունը, եթե Մոսկվան ագրեսիա դրսևորի Ուկրաինայի դեմ:
ԻՐԱՆՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Համաձայնագիրը պետք է համապարփակ լինի, որպեսզի մարդիկ շոշափելի կերպով զգան դրա արդյունքները՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը՝ անդրադառնալով միջուկային գործարքի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններին: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանը լուրջ է տրամադրված ցանկալի համաձայնության հասնելու հարցում: Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում իրանական թիմի ներկայացրած նախագիծը ամբողջությամբ ծրագրի շրջանակում է:
«Եթե Արևմուտքը բարի կամք դրսևորի, հնարավոր է հասնել լավ համաձայնության: Թեհրանը ձգտում է ռացիոնալ, հավասարակշռված և արդյունքի միտված երկխոսության»,- շեշտել է Աբդոլլահիանը՝ հավելելով, որ ակնկալում է, որ բանակցությունների հաջորդ փուլին մյուս կողմերը Վիեննա կգան հստակ առաջարկություններով ու պատասխաններով, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման հետ կապված:
ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով Կատարում է։ Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և պաշտոնատար այլ այրեր։ Թուրքիայի նախագահը կմասնակցի նաև Թուրքիա-Կատար բարձր մակարդակի ռազմավարական կոմիտեի 7-րդ նիստին, որը կնախագահի Ալ Թանին։ Դոհան և Անկարան ավելի վաղ հայտարարել են, որ տասնյակ գործարքներ կստորագրեն Էրդողանի այցի ընթացքում: Քաղաքագետները կարծում են, որ Էդողանի այցը երկրի տնտեսական խնդիրների և արժույթի պատմական անկման խնդիրը կանխելու նպատակ ունի: