Հայաստանի ինքնիշխան տարածքից նոյեմբերի 16-ին գերեվարված հայ զինծառայողների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին տեղեկություն տրամադրելու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ էր տվել մինչև դեկտեմբերի 6-ը:
Վերջնաժամկետը լրացել է, սակայն «Լուրերի» հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ այս հարցով դատարանից մինչև այս պահը ծանուցում չեն ստացել:
Հայկական կողմը դատարան էր դիմել նոյեմբերի 22-ին՝ երկրի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների ընթացքում հայ գերիների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով:
Ադրբեջանին սկզբում ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբերի 1-ը, այնուհետև ժամկետը երկարաձգվել էր 5 օրով:
Նոյեմբերի 16-ի դեպքերի հետևանքով ադրբեջանական վերահսկողությանն անցած 4 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էլ ներկայացրել էին իրավապաշտպանները, Եվրադատարանը բավարարել էր պահանջը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան