Արցախի տարածքում բջջային կապն ու համացանցի հասանելիությունը միտումնավոր խլացվում են Ադրբեջանի կողմից: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ պատերազմից հետո սա առաջին անգամը չէ: Կապի նման խափանումներ եղել են նաև օգոստոսին:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Կարծես թե այն ժամանակ ռուսական կողմի միջամտությամբ հարցը կարգավորում էր ստացել և որոշակի ժամանակահատվածում առնվազն նորմալ աշխատում էր կապը:
Կապի միակ օպերատոր «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունից հրաժարվում են մեկնաբանություն տալ: Փոխարենը՝ ոլորտը կարգավորող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից վստահեցնում են՝ հակառակորդը խոտանում է ռադիոէլեկտրոնային դաշտը:
Սմբատ Պետրոսյան (Արցախի տարածքային կառավարման նախարարի տեղակալ) - Այդ հետազոտությունը կատարվել է, այդ հիպոթեզը դրվել է, այդ հիփոթեզը հաստատվել է: Այսինքն՝ խափանումները բջջային կապի, շեշտում եմ, դա կարևոր է՝ բջջային, այսինքն՝ շարժական համացանցի խափանումները պայմանավորված են առավելապես հակառակորդի կողմից ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ:
Կապի խափանումներն ավելի հաճախ են դարձել այս տարվա նոյեմբերից: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ Ադրբեջանը հումանիտար բնույթի խնդիրներ է ստեղծում և փորձում խաթարել արցախահայության բնականոն կյանքը: Խնդիրն ավելի սուր է շփման գծին մոտ համայնքներում:
Գեղամ Ստեփանյան - Սա ոչ միայն խաթարում է, խախտում է Արցախում ապրող հաղորդակցության, ազատության և այլ իրավունքներ, այլև կոնկրետ կրում է հումանիտար բնույթ:
Հարցի վերաբերյալ քննարկումներ են եղել Արցախի անվտանգության խորհրդում, որտեղից վստահեցրել են, իրավիճակը շտկելու համար միջոցներ են ձեռնարկվում: