Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը երկրի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի անդամների հետ ճեպազրույցի ժամանակ Թուրքիային կոչ է արել հրաժարվել Աթենքի դեմ պատերազմի սպառնալիքից, փոխանցում են հունական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ Հունաստանի կառավարությունը բաց է միջազգային և ծովային իրավունքի շրջանակներում մայրցամաքային շելֆին և բացառիկ տնտեսական գոտուն վերաբերող վեճի շուրջ Թուրքիայի հետ երկխոսության համար:
«Երկխոսության հաջողության ակնհայտ պայմանը Թուրքիայի հրաժարումն է Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքից։ Հրաժարվեք casus belli-ից։ Թուրքիան աշխարհի միակ երկիրն է, որն ամբողջությամբ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը` այլ երկրի սպառնում է պատերազմով, նույնիսկ նշելով, որ սպառնալիքը կյանքի կկոչվի, եթե անգամ մյուս երկիրը՝ Հունաստանը, օգտվում է իր օրինական իրավունքից»,- նշել է Դենդիասը:
Ըստ Հունաստանի ԱԳ նախարարի՝ Թուրքիան պետք է գիտակցի, որ պատերազմի սպառնալիքից հրաժարումը բխում է հենց Անկարայի շահերից: