Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Քայլում ենք հիմա 2600-2700 տարվա սալահատակի վրայով, 22 մ է ձգվում:
Կարմիր բլուրի տարածքում վերջին բացառիկ բացահայտումն է: Հնագետները պատմական շերտը հեռացրել, միջնաբերդից հարավ-արևելք ընկած հատվածում ուրարտական շրջանի արքայական ախոռ-քարավանատուն են պեղել: Այստեղ իջևանել են Կարմիր բլուրի բարձրաստիճան հյուրերը:
Միքայել Բադալյան - Ինչու ենք ասում եռամաս կառույց, բաղկացած է պատից, սալահատակից, սյան խարիսխները 4-ն են:
Նույն պատկերը հայելային տեսքով նաև հակառակ կողմում է: Նման ախոռ-քարավանատներն աշխարհում եզակի են: Մասնագետները Խեթական կայսրությունում են բացահայտել, ուրարտական Բաստամ հնավայրում, նաև Իսրայելի տարածքում: Միջնադարյան քարավանատների նախատիպն այսօր արդեն Կարմիր բլուրում ունենք: Սա հաստատել են օտարերկրացի մասնագետները:
Միքայել Բադալյան - Արդեն իսկ ստացել ենք բազմաթիվ օտարերկրյա ճանաչված հետազոտողների շնորհավորանքները, սա Հայաստանի հնագիտության համար եզակի կառույց է:
Այն, որ տարածքում հնագիտական կարևոր մի շերտ կարող է լինել, ամիսներ առաջ անձրևից հետո նկատել էր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրենը: Կառույցի պատերն էին նշմարվել. օդային նկարներ են արել, կասկածներում համոզվել ու գործի անցել:
Վահե Սարգսյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն) - Ուրարտական ախոռը եզակի է նրանով, որ նման կառույցներ քիչ ունենք, Բաստամում ու այլ հնավայրերում: Այս կառույցը հուշում է Ուրարտական կայսրության հզորությունը: Այստեղ հրդեհ է եղել:
Պատմական շերտի տարբեր հատվածներում այրված գերանների հետքեր են, կենդանիների ոսկորներ: Քարավանատան բացահայտումը նոր լույս է սփռում Կարմիր բլուրի ուսումնասիրություններում: Տարածքում 71 թվականից հետո նման ծավալի պեղումներ չեն արվել: Այս գործում հնագետներին աջակցել է «Հայաստանի գինու ազգային կենտրոնը»: Գինեգործների շրջանում ու սոցիալական ցանցում դրամահավաք են անցկացրել, գումարն էլ պատմությունը բացահայտելու գործին տրամադրել:
Ֆրունզ Հարությունյան («Գինու ազգային կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ) - Շատ լավ նախադեպ էր գործարար միջավայր և պատմամշակութային ժառանգություն կրող հիմնարկների միջև գործակցության համար:
Պեղումներն այս տարի արդեն ավարտում են: Ձմռանը ռուս, գերմանացի, ավստրիացի, իտալացի գործընկերների հետ հողի ԴՆԹ-ի, հայտնաբերված ոսկորների ու ռադիոածխածնային անալիզ կանեն:
Միքայել Բադալյան - Այս կառույցը ամբողջությամբ պեղելուց հետո ոչ միայն հոդվածի, այլ խմբային մենագրության առարկա կլինի՝ թարգմանված առնվազն երեք լեզվով: Սա, իրոք, լուրջ խոսք է համաշխարհային ուրարտագիտության ու տարածաշրջանի համար:
Ամեն ինչ պետք է անել, որ Կարմիր բլուրը զբոսաշրջային կենտրոն դառնա: Հնագետները վստահ են՝ նոր բացահայտումը կարող է երկրի զբոսաշրջային հոսքերն ավելացնել, Հայաստանը զբոսաշրջիկին նորովի ներկայացնել: