Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին:
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման, Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։
ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին՝ առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022 թ․ և կարևորել է 2023-2026 թթ․ ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։
Գլխավոր քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին վկայում է նաև այն փաստը, որ COVID-ի 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։
Հանդիպման ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի», «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը և դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։
ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին համագործակցության համար և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։