Հայաստանում COVID-19-ով պայմանավորված՝ խիստ սահմանափակումներ կիրառելուց երկու ամիս անց մահացության նախկին ռեկորդային ցուցանիշները և վարակման դեպքերի օրական քանակը զգալիորեն նվազել են: Չնայած դրան՝ երկիրը դեռ պայքարում է հակապատվաստումային շարժման դեմ: Այս մասին նշված է Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերի և պատվաստման ցուցանիշների վերաբերյալ Al Jazeera-ի անդրադարձում:
Աղբյուրը մեջբերել է ՀՀ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի խոսքը, որը նշել է, որ երկիրը ձգտում է ապահովել մինչև տարեվերջ բնակչության առնվազն 50 տոկոսի պատվաստումը գոնե մեկ դեղաչափով: Նրա խոսքով՝ անզուսպ ապատեղեկատվությունն ու հարցի քաղաքականացումը շարունակում են ամրապնդել անվստահությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութերի նկատմամբ։
Al Jazeera-ն գրում է, որ ըստ հայկական ԶԼՄ-ների՝ բժիշկներն ու բուժաշխատողներն առանցքային դեր են խաղացել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգության և դերի մասին ապատեղեկատվության տարածման գործում:
Նշվում է, որ մարդկանց հիմնական մտահոգությունը պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունն է, քանի որ դրանք նոր են, ինչպես նաև այն մտավախությունը, որ պատվաստանյութերը կարող են ազդել մարդկանց վերարտադրողական առողջության վրա կամ ունենալ այլ կողմնակի ազդեցություն:
Հայաստանում պատվաստումների անցկացմանը, ըստ գործակալության, խոչընդոտում են նաև տարեցների առողջական խնդիրները և նախորդ տարվա պատերազմի հետևանքները:
Նշվում է, որ քաղաքացիների մի մասը հակահամաճարակային սահմանափակումները համարում է չափազանց խիստ կամ ոչ արդյունավետ, իսկ մյուս մասը բողոքում է, որ շատերը չեն պատվաստվում և չեն պահպանում հակահամաճարակային կանոնները՝ վտանգելով նաև իրենց առողջությունը: