Բաքվում «Թարթառի գործով» դատապարտյալների ընտանիքների անդամներն ու հարազատները փորձել են բողոքի ակցիա անցկացնել նախագահի աշխատակազմի դիմաց՝ պահանջելով վերանայել մեղադրանքները:
Ակցիայի մասնակիցներն առավոտյան շարժվել են դեպի նախագահի աշխատակազմ, սակայն ոստիկանության ջոկատներն ու ՆԳՆ արագ արձագանքման գունդը փակել են նրանց ճանապարհը։ Ակցիայի մասնակիցներից վերցնելով նրանց դիմումները՝ ոստիկանները ցրել են ակցիան:
2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, պետական անվտանգության ծառայությունը, պաշտպանության նախարարությունը և ՆԳՆ-ն հայտնել են, իրենց խոսքով՝ Հայաստանի հատուկ ծառայությունների օգտին լրտեսության համար մի խումբ զինծառայողների և քաղաքացիական անձանց ձերբակալման մասին:
Դատախազությունը քրեական գործ է հարուցել պետական դավաճանության հոդվածով: Ձերբակալվածները դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման։ Շուտով հայտնի է դարձել, որ հետաքննության ընթացքում առնվազն 11 կասկածյալ է սպանվել՝ կտտանքների ենթարկվելով։ Ավելի ուշ 4 սպանված արդարացվել է, իսկ նրանց դեմ մեղադրանքներ կեղծած քննիչները դատապարտվել են ազատազրկման: