ՀՀ-ում արտադրվող «Սպուտնիկ Լայթ» COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) պատվաստանյութը հասանելի կլինի Հայաստանի քաղաքացիների համար և կտրամադրվի անվճար, ինչպես մյուս պատվաստանյութերը:
«Առաջիկա, շատ մոտ ժամկետներում պետությունը կիրականացնի արտադրված «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութի խթանիչի (բուստեր) գնման գործընթացները, և այն առկա կլինի պոլիկլինիկաներում: Այս պատվաստանյութը միանշանակ լինելու է մեր տեսականու մեջ: Մեր քաղաքացիները հենց երրորդ՝ խթանիչ դեղաչափի համար կարող են դիմել և ստանալ «Սպուտնիկ Լայթ» տարբերակը: Շատ ուրախալի է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղագործական արտադրությունը ևս մի քայլ՝ շատ մեծ քայլ, առաջ է գնում և թե՛ տեխնոլոգիական, թե՛ մասնագիտական, թե՛ բոլոր առումներով նոր տիպի արտադրանքներ տալու իր ներուժն իրացնում է»,- այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այդ պատվաստանյութը մեր երկրում թույլատրված է 18 տարեկանից բարձր քաղաքացիներին:
«Բավականին երկար ճանապարհ ենք անցել դեղարդյունաբերության ոլորտում որակի ամենաբարձր չափանիշներին համապատասխանող «Լիկվոր» հայկական ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի այսօր ունենանք Հայաստանում արտադրված, որակի բոլոր չափանիշներին համապատասխանող պատրաստի արտադրանք, որը պատրաստ է մտնել շուկա։ Այժմ նաև բանակցություններ են ընթանում արտահանման հնարավոր ուղղությունների հստակեցման շուրջ»,- իր հերթին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: