«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօրվա ասուլիսի ընթացքում, ամփոփելով նախընտրական շրջանը և ընտրական գործընթացը, հայտնեց, որ արձանագրվել է 42 միջադեպ, որոնց հիմքով իրավապահներին է ուղարկվել հանցագործության մասին 2 հաղորդում:
«Մեկը բռնության դեպքով էր, մյուսը՝ բարեգործության և քարոզչության մեկտեղման արգելքի խախտման մասով»,- ասաց Իոաննիսյանը:
Իոաննիսյանի խոսքով՝ դիտորդական առաքելության ընթացքում բացահայտված էական խնդիրներից է ֆինանսական հաշվետվությունից և թափանցիկությունից խուսափելու՝ քաղաքական ուժերի հակվածությունը:
«Ավագանու թեկնածուների հետ հարցազրույցներում նրանց բացարձակ մեծամասնությունը պնդել է, որ ընտրական շտաբների բոլոր աշխատակիցները կամավոր հիմունքներով են ներգրավված եղել, մինչդեռ մենք հավաքել ենք հավաստի տեղեկություններ առ այն, որ շատերը վարձատրվել են, և նախընտրական հիմնադրամից չեն կատարվել այդ ծախսերը»,- ասաց բանախոսը:
Իոաննիսյանը նշեց, որ քվեարկության օրը դիտարկվող տեղամասերում դիտորդները հիմնականում արձանագրել են մեկից ավելի անձանց մուտքը քվեարկության խցիկ, քվեարկության գաղտնիության խախտման այլ դրսևորումներ, ընտրողներին քվեարկության կարգը պատշաճ չներկայացնելու, խախտումները գրանցամատյաններում չգրանցելու դեպքեր:
«Գրանցվել են նաև առավել եզակի դեպքեր, երբ հանձնաժողովների անդամներն օգտագործել են ալկոհոլային խմիչքներ, ծառայություն իրականացնող ոստիկանները թերանում էին կուտակումները ցրելու պարտականությունների իրականացման մեջ, տեղամասի ներսում ի հայտ էին գալիս քարոզչական նյութեր»,- ասաց Իոաննիսյանը:
Իոաննիսյանի խոսքով՝ մեկից ավելի անձանց՝ քվեախցիկ միաժամանակ մուտքն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 24 տոկոսում:
«Քվեախցիկից դուրս քվեաթերթիկը լրացնելու կամ բաց քվեարկության դեպքերն արձանագրվել են դիտարկված տեղամասերի 68 տոկոսում: Ընդ որում՝ տեղամասերի 3.4 տոկոսում նաև դիտվել է քվեաթերթիկը լուսանկարելու փորձ: Խախտումները գրանցամատյանում չգրանցելու խնդիրն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 24 տոկոսում»,- ասաց նա: