Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոշորացույցի տակ այսօր Էրեբունի վարչական շրջանի առևտրի կետերն էին: Փոքր և մեծ խանութներում մասնագետներն ստուգում էին՝ արդյոք առկա են ախտահանիչ միջոցները, աշխատակիցները դիմակով են, և իհարկե, ինչպե՞ս են վարվում պատվաստման ու թեստավորման մատյանները:
Խանութի մենեջերը վստահեցրեց, որ տարածքն ախտահանում են 2 ժամը մեկ, առանց դիմակի մուտքն արգելված է, նույնիսկ հաճախորդներին մուտքի մոտ դիմակներ են բաժանում՝ անվճար:
ՍԱՏՄ տեսուչներն արձանագրում են՝ մի քանի ամսում խախտումները նկատելի նվազել են ու ներկայացնում ստուգայցերի փաստական տվյալները:
Մանուել Մելիքյան, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ - Իրականացվել է 1400 շրջայց Երևանում, 200 արձանագրություն է կազմվել, որոնցից մեծ մասով կայացվել է տուգանքի որոշում:
Տեսուչները տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորեցին՝ փակ տարածքում պարտադիր դիմակ դնել, սոցիալական հեռավարություն պահպանել, հաճախակի ախտահանել տարածքն ու պահանջել, որպեսզի հաճախորդներն էլ պահպանեն հակահամաճարակային կանոնները: