YEREVAN JAZZ FEST 2021 միջազգային 7-րդ փառատոնի կազմակերպիչները, ամերիկյան ջազի լեգենդ, աշխարհահռչակ Բիլլի Քոբամն ու նրա բենդը երևանյան ջազֆեստի եզրափակիչ համերգը նվիրում են անմոռանալի Չիկոյի՝ փայլուն ջազային թմբկահար, ջազի նվիրյալ ու գիտակ Արմեն Թութունջյանի հիշատակին: Նոյեմբերի 17-ից սկսած փառատոնը 20 օր շարունակ Հայաստանին վերադարձրեց ջազի տոնը, որի մեկնարկին մասնակցում էր նաև «Գրեմմիի» դափնեկիր, հռչակավոր բաս կիթառահար Ռիշար Բոնան: «Ոսկե ծիրանի» հետ գործակցությամբ ցուցադրվեց «Կեսգիշերին մոտ» ջազային մոտիվներով ֆիլմը՝ Հերբի Հենքոքի երաժշտությամբ: Փառատոնային հասցեներն էին նաև Դիլիջանը՝ Մալխաս ջազ բենդի և Վահագն Հայրապետյանի բենդի համատեղ համերգով, ինչպես նաև «Խաչատրյան» համերգասրահը՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված բացառիկ համերգով; Ջազֆեստի նախաձեռնող Կամո Մովսեսյանը նշում է՝ մեր օրերում նման փառատոն կազմակերպելը բարդ էր, բայց և՝ անհրաժեշտ:
Կամո Մովսեսյան (Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ) - Բիլլի Քոբամի երևանյան համերգի մասին Մովսեսյանը երազել է գրեթե 11 տարի, սկսած այն օրվանից, երբ նրան հանդիպել է Լոս Անջելեսի Կատալինա ջազ ակումբում: Հիմա Քոբամը բացառիկ համերգով Երևանում է, հիմնականում ներկայացնելու է իր գործերը: Գնահատելով ջազի ներկան ու անցյալը՝ լեգենդար թմբկահարը փաստում է՝ ջազն արմատական փոփոխություններ է կրել:
Բիլլի Քոբամ (ջազ երաժիշտ, թմբկահար) - Ջազի նոր սերունդն այն վերածել է անհատական, ավելի պոետիկ արվեստի, մինչդեռ ավագները հավաքական ու խմբային երաժշտություն էին նվագում, իսկ ջազը նախ և առաջ մտածողություն է: Ջազի սիրահարները հարուստ և քննադատական մտքի տեր մարդիկ են, և ջազը մեծ բազմազանություն է սիրում:
Փաստը, որ YEREVAN JAZZ FEST-ը տարիներ շարունակ ջազի իսկական տոն է ստեղծում, բարձր են գնահատում նաև փառատոնի աջակիցները: Փառատոնի հետ գործակցությունը առանձնահատուկ կարևորում է ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ Լադիսլավ Բերանեկը:
Լադիսլավ Բերանեկ (ԱՄՆ դեսպանատան մամուլի կցորդ) - Մեր 2 երկրների միջև ամուր և զարգացող կապերը խարսխված են ճշմարիտ և բարձր արժեքների վրա:
Պատահական չէ, որ այսօր խոսում ենք ամենաամերիկյան արվեստներից մեկի՝ ջազի մասին: Այս տարին առանձնահատուկ է՝ նշվում է Հայաստանի անկախության 30-ամյակն ու հայ-ամերիկյան հարաբերությունների 30 տարին, և մենք շարունակում ենք նաև ակտիվ մշակութային համագործակցությունը:
Հրաժեշտից առաջ, ի հիշատակ երևանյան բացառիկ համերգի, Բիլլի Քոբամն իր ստորագրությունը թողեց Մեցցո ակումբի աստղերի հուշապատին՝ Ազնավուրի ու այլ մեծերի անունների կողքին: