Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:
«Ձերդ գերազանցություն տիկին դեսպանի հետ զրույցի ժամանակ խոսել եմ հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե՛ պատերազմական ժամանակաշրջանում, թե՛ համավարակի հետ պայքարում, թե՛ տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։
Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ»,- նշված է գրառման մեջ։